‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’

1697

Երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, «Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Հենց պանթեոնում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տղաների հարազատներին հանձնեց  «Արիության» մեդալները: Նույն օրը հայտնի դարձավ նաեւ, որ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի թռիչքի ամբողջ գործընթացը գրանցած սարքերը նոյեմբերի 22-ին հայկական զինուժի իրականացրած հատուկ գործողության ժամանակ դուրս են բերվել եւ այժմ ուղարկվել են փորձաքննության: 

«Մենք փորձաքննության արդյունքները ներկայացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 
Անցնող շաբաթ մեր հանրության ուշադրության կենտրոնում էր դրամի փոխարժեքը եւ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը: Դեռեւս երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Համաձայն այդ հայտարարության՝ ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:
Այս հայտարարությունը արժանացավ բազմաթիվ քննադատությունների՝ գնահատվելով որպես իրավիճակային եւ անբովանդակ, իսկ տարբեր մասնագետների կանխատեսումներով՝ մինչեւ Ամանոր հանրապետությունում հնարավոր է նաեւ կրկնակի գնաճ տեղի ունենա:
Ազգային ժողովում սկսվեցին ԵՏՄ անդամակցության պայմանագրի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Նոյեմբերի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, այնուամենայնիվ, պնդեց, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ տեղադրելու պարտավորություն չկա: Քոչարյանը նշեց նաեւ, որ թեեւ ԵՏՄ աշխատանքային լեզուն լինելու է ռուսերենը, բայց որոշումները թարգմանվելու են անդամ պետությունների լեզուներով: Հայտնի դարձավ նաեւ, որ 2016-ի հունվարի 1-ից Հայաստանը, որպես անդամավճար՝ Եվրասիական տնտեսական միությանը կվճարի կազմակերպության հաստատված բյուջեի 1/13-րդ մասը: Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ըստ ԵՏՄ խորհրդի հաստատած կարգի՝ կազմակերպության միասնական մաքսատուրքերից Հայաստանի բաժինը կկազմի 1,13%: Երկու օր անց արդեն՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ տնտեսական հանձնաժողովում Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցը դրական եզրակացություն ստացավ: Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո հանձնաժողովի անդամների զգալի մասը կողմ է արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Վերադառնալով դրամի արժեզրկման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի վերոհիշյալ հայտարարությանը՝ պարզապես արձանագրենք, որ նոյեմբերի 27-ին, նույն Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, հոկտեմբեր ամսին, իհարկե՝ նախորդ տարվա համեմատ, սակայն կտրուկ կերպով կրճատվել են Ռուսաստանից Հայաստան եկող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները: Հոկտեմբերին փոխանցվել է 123 միլիոն 45 հազար ԱՄՆ դոլար, ինչը 22.2 տոկոսով քիչ է 2013-ի հոկտեմբերին արված փոխանցումներից՝ 158 միլիոն 355 հազար ԱՄՆ դոլար:
Նոյեմբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ, եւ պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի։
Նոյեմբերի 27-ին տեղի էր ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում հաստատվել են մի շարք հարցեր, որոնցից մեկն էլ վերաբերում է ճանապարհային ոստիկանության կողմից կազմված՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքներին: Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթ, որով անվավեր են ճանաչվում այդ տուգանքները: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի վերաբերյալ, չեն պարտավորվում վճարել տուգանքը:

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Համահայկական հիմնադրամի` կրկին «Դեպի Արցախ» կարգախոսով հեռուստամարաթոնին հանգանակվել էր $22 661 371:
Նոյեմբերի 28-ին  հայտնի դարձավ, որ Վաչե Գաբրիելյանը Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ: Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ տարածքային կառավարման նախկին նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարական տվեց՝ մասնավոր աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: Իսկ  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ձեւավորվել է վերջերս: 
Այս շաբաթ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը վերադարձավ Լիսաբոնից, որտեղ նոյեմբերի 21-23-ը կայացել էր Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի (ALDE) հերթական՝ 35-րդ համաժողովը: Ավելի քան 600 պատվիրակներ Եվրոպայի բոլոր երկրները ներկայացնող 57 կուսակցություններից, այդ թվում՝ 8 պատվիրակներ Հայաստանից մասնակցել են համաժողովին: Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ «Հայ  ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ համաժողովն անցել է բավական ծանրաբեռնված եւ արդյունավետ օրակարգով: Պարոն Մանուկյանի խոսքով՝  համաժողովը Եվրոպայի անվտանգությանը, տնտեսությանը եւ բնապահպանական խնդիրներին վերաբերող մի շարք բանաձեւեր ընդունեց, որոնց թվում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար դրության եւ Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը աջակցող բանաձեւեր: Մասնավորապես, Ադրբեջանին վերաբերող բանաձեւում կոչ է արվում Եվրոպական կառույցներում խստորեն քննարկել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը: Արամ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ համաժողովի ընթացքում Կոնգրեսի պատվիրակները Դաշինքի ղեկավար կազմի հավանությամբ նախատեսել էին բանաձեւ շրջանառել Արցախում խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները հանձնելու կապակցությամբ, բայց, քանի որ համաժողովի ընթացքում տեղեկատվություն ստացվեց ԼՂ ՊԲ հատուկ գործողության մասին, բանաձեւը քննարկման չդրվեց: 
Կոնգրեսի պատվիրակները մասնակցել են նաեւ Դաշինքի ղեկավար երեք անդամների ընտրություններին եւ քվեարկել են առաջատար թեկնածուների օգտին:

Եւ վերջապես այսօր հրապարակվեց «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության փորձագետ եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանի հայտարարությունը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Այսօր լրացավ «Բարսելոնայի» 115-ամյակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում, հնարավոր է, արգելվի ծխելը հասարակական վայրերում’