‘Շավարշ Քոչարյան. ԵՏՄ անդամ երկու երկրներ առանց ՀՀ հավանության որոշում չեն կարող կայացնել’

1151

2016-ի հունվարի 1-ից Հայաստանը, որպես անդամավճար՝ Եվրասիական տնտեսական միությանը կվճարի կազմակերպության հաստատված բյուջեի 1/13-րդ մասը: Ազգային Ժողովում այսօր ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ըստ ԵՏՄ խորհրդի հաստատած կարգի՝ կազմակերպության միասնական մաքսատուրքերից Հայաստանի բաժինը կկազմի 1,13%:

«Հայաստանի Հանրապետության մասով հաշվարկված է և համաձայնագրով ամրագրված է, որ ՀՀ-ը ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1,13%, այսինքն, երբ համաձայնագիրը ուժի մեջ մտնի հունվարից, ՀՀ մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,-ասաց փոխնախարարը:

ԵՏՄ անդամակցության պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 32 հավելվածներից:  Սուրեն Կարայանը նաև նշեց, թե քանի որ ՀՀ-ը ԵՏՄ-ի հետ չունի միասնական սահման, նախատեսված է տարանցիկ փոխադրման հարցերը կարգավորվող առանձին համաձայնագիր:

ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ  պայմանագիրը «ոչ թե ԵՏՄ–ին միանալու մասին է, այլ պայմանագիր՝ ԵՏՄ–ի մասին պայմանագրին միանալու մասին», որովհետեւ, նրա խոսքով, ԵՏՄ-ի կառույցը, որպես այդպիսին, պետք է կազմավերպվի 2015-ի հունվարի 1-ից:

Քոչարյանը նշել է նաեւ, որ ԵՏՄ անդամ որեւէ երկու երկիր, առանց Հայաստանի հավանության, որեւէ որոշում չեն կարող կայացնել:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հա՛ց կերեք, Հայաստանի ըմբոստ քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. ԼՂ հարցում Լեհաստանը հավատարիմ է մնում հակամարտող կողմերին չզինելու սկզբունքին’