‘Շիրակի պետհամալսարանի դասախոսները նախարարին՝ հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են’

3514

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին:

Նամակը՝ ստորեւ.

«Սեպտեմբերի 27-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Կրթության եւ Գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի եւ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին եւ վարչապետին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի եւ Գագիկ Համբարյանի հետ հանդիպում:

Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լեւոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ… Նախ, պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից, որ «ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան» (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները):

Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում. ե՛ւ մենք, ե՛ւ ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համընդհանուր է: Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել եւ այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթեւ ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ:

Ինչո՞ւ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել:

Ամբիոնների ձեւավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ մեր բուհում կա կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ամբիոն եւ այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին, ապա տեղեկացնեմ, որ որպես նախարար պարտավոր էիք նաեւ այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք, որ դրանք գրեթե դատարկ են: Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձեւավորման մասին է խոսքը:

Պարոն Մկրտչյան,Դուք փորձում եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» եւ «սուբյեկտիվ» լինելով: Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի եւ անօրինական փոփոխման հարցով, իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»:

Ասեմ, որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք, որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն, սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը եւ մտածելով, որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում եւ պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է…

Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) եւ այն կամայական նվազեցնում է 12 ժամի` 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը…

Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավրի առկա եւ հեռակա ուսուցման ծրագրերը, որն անօրինական է եւ խախտում է բուհին տրամադրված լիցենզիան:

Հետաքրքիր է, մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել, որ դրանք շուտափույթ ուղղվեն: Կոնկրետ՝ ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչեւ համապատասխան հանձնաժողովի այցը բուհ, որը պետք է ուսումնասիրի բուհում տեղ գտած եւ մեր կողմից բարձրաձայնված խնդիրները:

Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ եւ պահանջում են կոնկրետ պատասխաններ: Պատահական չէ, որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով: Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մնասյանի ապօրինությունների եւ անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն: Հիմա ՀՀ նախագահին եւ վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան եւ ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են»:

Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան»:

 

Նախորդ հոդվածը‘Սփիլբերգի ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիայի ուսուցիչները պաշտպանում են հանրաքվեն’