‘«Շրջանառության հարկի մասին» ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է. Բողոքի ցույց ԱԺ-ի մոտ’

1687

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով արտահերթ նիստին գրանցվել են 37 պատգամավորներ, ինչը նշանակում է, որ քվորումի բացակայության պատճառով նիստը տեղի չի ունեցել: Նշենք, որ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ էին հավաքել ԱԺ ոչ իշխանական ուժերը: Սրա հետ մեկտեղ ԱԺ շենքի մոտ հարյուրավոր ցուցարարներ պաշարել էին խորհրդարանի երկու մուտքերը: Քիչ առաջ ցուցարարներին մոտեցան Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները: 

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը իր խոսքում նշեց, որ քառյակի ուժերը այս հարցում վճռական են տրամադրված: Նա չբացառեց նաեւ այն տարբերակը, որ վաղը նույնպես ոչ իշխանական ուժերը կնախաձեռնեն ստորագրահավաք` կրկին արտահերթ նիստ անցկացնելու պահանջով: «Վաղը առավոտյան մենք կհրավիրենք քառյակի նիստ, չնայած` նախապես արդեն քննարկել ենք հնարավոր լուծումները, բայց, իհարկե, շատ բան կախված է հասարակական ճնշումներից»,- նշեց ԲՀԿ պատգամավորը: Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է: «Իշխանությունները չեն ուզում, որ դուք աշխատեք, այլ ուզում են, որ լքեք ձեր կրպակները, լքեք ձեր երկիրը: Ես հարց տվեցի Գալուստ Սահակյանին` սա ձեր քաղաքական որոշումն է, թե ոչ, իսկ նա չկարողացավ պատասխանել: Իրենք բոլորը դա շատ լավ հասկանում են, որ քաղաքացիների պահանջը արդար է, որ այս օրենքի կիրառումը վնասում է փոքր ձեռնարկատերերին, ուղղակի իրենք որոշում կայացնելու իրավունք չունեն, քանի որ Բաղրամյան 26-ը թույլ չի տվել: Հարապետական կուսակցությունը իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնելու. իրականությունը սա է»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ ոչ իշխանական ուժերը միշտ կանգնած են ժողովրդի կողքին:

Պատգամավորների հետ զրույցից հետո` ցուցարարները որոշեցին վաղը՝ ժամը 16:00-ի սահմաններում կրկին հավաքվել ԱԺ-ի մոտ, որպեսզի Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ իրենց հարցերը ուղղել գործադիրի անդամներին:

Նախորդ հոդվածը‘ՄՄԿ. Դեպի Եվրոպա անօրինական միգրացիան մահացու վտանգ է պարունակում ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքական տանկեր՝ Սիրիայի սահմանի մոտ’