‘Ոստիկանության ցնցող պատասխանը. ապրիլի 9-ին ոստիկանները սովորական քաղաքացիների պես երթևեկել են հասարակական տրանսպորտով’

1804

Ապրիլի 9-ին Երևանը սպասարկող մի քանի երթուղային տաքսիներ, մարդկանց տեղափոխելու փոխարեն, սպասարկում էին ոստիկանությանը: Այդ օրը ճանապարհներին, Բաղրամյան պողոտայում, Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ կանգնած էին ոստիկաններով լցված երթուղային տաքսիները:

Ոստիկանական ուժերին հիմնականում տեղափոխում էին 5 և 63 համարի երթուղայինները: Նշենք, որ 5 համարը սպասարկում է Ավան-15-րդ թաղամաս, իսկ 63-ը՝  Նոր Նորք-Հարավ-արևմտյան թաղամաս երթուղիները: Այդ օրը ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներից մեկը՝  Կարեն Հարությունյանը, մեզ պատմեց, որ մի քանի անգամ քաղաքի տարբեր հատվածներում տեսնելով ոստիկաններ տեղափոխող երթուղայիններ, մոտեցել է, հետաքրքրվել է, թե ինչու են հասարակական տրանսպորտը  ծառայեցնում ոստիկանությանը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել: «Սարյան պուրակի հետևի փողոցում մի 5-6 այդպիսի երթուղային էր կանգնած, մեջը ոստիկաններ էին նստած: Ես դուռը բացեցի, հարցրի, թե ովքեր են, չպատասխանեցին: Վարորդը քաղաքացիական հագուստով էր, հավանաբար, ոստիկան չէր: Բայց երբ ես հարցրի, ասաց, որ ոստիկան է, հարցրի, թե ինչու համազգեստով չի: Խնդրեցի ներկայանալ, բայց ոչ մեկը չներկայացավ, նկարելուց էլ դեմքները փակում էին»,-պատմեց Կարենը:

Նույն իրավիճակին հանդիպել էր նաև Բաղրամյան պողոտայում: «Երբ դուռը բացեցի ու հարցրի, թե ինչ գործ ունի ոստիկանությունը հասարակական տրանսպորտի մեջ, ոստիկաններից մեկն ասաց, թե իրենն է երթուղայինը: Ու այդպես էլ ոչ ոք ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց»,-ավելացրեց ակտիվիստը: Նշենք, որ ապրիլի 9-ի ուշ երեկոյան, երբ երկար բանակցություններից հետո Բաղրամյան պողոտան բացվեց, և ժողովուրդը հնարավորություն ստացավ քայլել դեպի նախագահական, այդ ժամանակ ևս տեսանք, որ հենց Ազգային ժողովի դիմաց շարքով մի քանի 5 համարի երթուղային էր կանգնած: Նշենք, որ այդ ժամանակ պողոտան մի քանի ժամ շարունակ փակ էր, և ոչ մի տրանսպորտային միջոց այդտեղով չէր անցնում: Փոխարենը՝ լեփ-լեցուն էր ոստիկաններով: Ինչը ևս ապացուցում է, թե այդ երթուղայիններն ինչ նպատակով էին օգտագործվում: Այս հարցի հետ կապված՝ դիմեցինք ոստիկանություն, խնդրելով պարզաբանել, թե ինչու էր ապրիլի 9-ին ոստիկանությանը տեղափոխում հասարակական տրանսպորտը: Երկու օր շարունակ սպասելուց հետո մի ցնցող պատասխան ստացանք:

 Պարզվում է՝ ապրիլի 9-ին ոստիկաններն ընդամենը սովորական քաղաքացիների պես երթևեկել են հասարակական տրանսպորտով: «Ոստիկաններն էլ են մարդ և բոլորի պես օգտվում են հասարակական տրանսպորտից»,-պատասխանեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Իսկ թե ինչու էին քաղաքով երթևեկող ոստիկանները ժամերով դարանակալել քաղաքի տարբեր հատվածներում կամ, ասենք, ինչու մնացած օրերին այդքան ոստիկան միանգամից հասարակական տրանսպորտ չի բարձրանում, այդպես էլ պարզ չդարձավ: Ի դեպ, հասարակությանը քաջ հայտնի է, թե այդ «գծերն» ում են պատկանում:

«Հրապարակ»

Սոնա Հարությունյան

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 12-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը’52 տարի առաջ տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը դեպի տիեզերք’