‘
Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոբերտ Գրինը կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» շարքերը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Հադդերսֆիլդ Թաունը», որի հետ պայմանագիրն ավարտվել է նախորդ մրցաշրջանի վերջում: Ներկայումս Գրինի հետ բանակցություններ է վարում «Չելսին»՝ առաջարկելով կարճաժամկետ պայմանագիր: Կապույտների այդպիսի կադրային որոշումը կապված է նրա հետ, որ թիմի կազմում բավականաչափ անգլիացի խաղացողներ չկան: Նոր մրցաշրջանում Գրինը պետք է դառնա «Չելսիի» 3-րդ դարպասապահը:
Իր կարիերայի ընթացքում Գրինը խաղացել է «Նորվիչ Սիթիում», «Վեսթ Հեմ Յունայթեդում», «Քուինզ Փարք Ռեյնջերսում» ու «Լիդզ Յունայթեդում»: 2005-2012 թվականներին հրավիրվել է Անգլիայի հավաքական:
‘