‘Չեմպիոնների լիգա. խաղային օրվա համառոտ ազդագիր’

924

Նոյեմբերի 4-ին և 5-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարակության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Այսօր տեղի կունենան A, B, C, D խմբերի խաղերը: Ներկայացնում ենք օրվա առավել առանցքային հանդիպումների համառոտ ազդագիրը:

A խումբ

«Մալմյո»-«Ատլետիկո»

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Մալմյոն» դեռևս սեփական հարկի տակ գոլեր բաց չի թողել`  ներառյալ որակավորման փուլը, երբ շվեդական թիմը մրցեց «Վենտսպիլի» (0:0), «Սպարտայի» (2:0), «Զալցբուրգի» (3:0) հետ:

«Յուվենտուս»-«Օլիմպիակոս»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում այս թիմերը միջև Թուրինում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է «Յուվենտուսի» ջախջախիչ հաղթանակով` 7:0 հաշվով: 2003 թվականի դեկտեմբերի 10-ին «ծեր սինյորան» կրկնեց ակումբի եվրագավաթային ռեկորդը (ամենախոշոր հաշվով հաղթանակը), իսկ «Օլիմպիակոսը» կրեց խմբային փուլում իր ամենաջախջախիչ պարտությունը:

B խումբ

«Բազել»-«Լուդոգորեց»

Նախորդ մրցաշրջանում «Լուդոգորեցը» Եվրոպայի լիգայի արտագնա խաղերում 4 անընդմեջ հաղթանակ տարավ` ՊՍՎ-ի, «Չեռնոմորեցի», Զագրեբի «Դինամոյի» և «Լացիոյի» նկատմամբ: Դրանից հետո բուլղարական թիմը եվրագավաթային արտագնա խաղերում 5 անընդմեջ պարտություն է կրում:

«Ռեալ»-«Լիվերպուլ»

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը մրցաշարի վերջին 18 տնային խաղերում պարտություն չի կրել` հաղթելով դրանցից 16-ում: Բացի այդ, «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակը «Ռեալին» անմիջապես կապահովի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Իսկ եթե Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում երկու գոլ խփի, կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն: Ռեկորդակիրն այժմ Ռաուլ Գոնսալես Բլանկոն է, ով խփել է 71 գոլ: Ռոնալդուն խփել է 70 գոլ:

C խումբ

«Զենիթ»-«Բայեր»

Գերմանական թիմերի դեմ 7 տնային խաղերից 4-ում «Զենիթը» պարտություն է կրել. վերջին անգամ Դորտմունդի «Բորուսսիայից»` Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում

«Բենֆիկա»-«Մոնակո»

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլում «Բենֆիկային» հաջողվել է Լիսաբոնում 2:1 հաշվով առավելության հասնել ֆրանսիական մեկ այլ թիմի` «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ: Գուցե պորտուգալական թիմին հաջողվի կրկին նման արդյունքի հասնել…

D խումբ

«Արսենալ»-«Անդերլեխտ»

«Անդերլեխտը» չափազանց անհաջող է խաղում անգլիական թիմերի հետ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալից» կրած պարտությունն «Անդերլեխտի» համար 7-րդն էր անգլիական թիմերի դեմ անցկացրած 8 խաղերում: 

«Բորուսիա»-«Գալաթասարայ»

Նախորդ տուրում դորտմունդցիները 4:0 հաշվով հաղթեցին «Գալաթասարային», իսկ այսօրվա հաղթանակը նրանց կապահովի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Թուրքական թիմը Չեմպիոնների լիգայի վերջին 4 արտագնա խաղերում պարտություններ է կրել: Ընդհանուր առմամբ, «Գալաթասարայի» համար մրցաշարի վերջին 6 խաղերից 5-ն ավարտվել են պարտությամբ:

Նախորդ հոդվածը‘Երբ սկզբունքը դառնում է ապրանք’
Հաջորդ հոդվածը‘Էթյեն Մահչուփյան. Էրդողանի այցը Երևան հնարավոր չեմ համարում’