Չի բացառվում, որ որոշ զենքեր գաղտնի են փոխանցվել

351

ԱՄՆ իշխանությունները, հնարավոր է, հրապարակավ չեն հայտարարում ռազմական օգնության շրջանակներում Կիևին մի քանի տեսակի սպառազենք փոխանցելու մասին։

Նման ենթադրություն է արել Politico թերթը։

«Վաշինգտոնում լուրեր են պտտվում, թե ԱՄՆ-ը Կիևին ավելի շատ զենք է փոխանցել, քան հայտարարել է ամերիկյան վարչակազմը»,- ասվում է հրապարակման մեջ։

Մասնավորապես, թերթը նշում է, որ անցած ուրբաթ Պենտագոնի բարձրաստիճան մի ներկայացուցիչ ճեպազրույցի ժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ն արդեն  որոշ ժամանակ է՝ Ուկրաինային է փոխանցում HARM հակատեղորոշիչ հրթիռներ՝ չհայտարարելով դրա մասին։ Ավելի ուշ Yahoo News կայքը նույնպես ենթադրություն էր արել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ATACMS տեսակի կառավարելի օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռներ։

«Ընդունում ենք, որ այս ամենը ենթադրություն է։ ԱՄՆ վարչակազմից ոչ ոք չի հաստատել կամ նույնիսկ չի ակնարկել Ուկրաինային գաղտնի սպառազինելու մասին։ Եթե դա անգամ եղել է, քիչ հավանական է, որ ԱՄՆ իշխանությունները մեզ կհայտնեին այդ գաղտնի որոշման մասին»,- ամփոփում է Politico-ն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ ՌԴ ՀԴԲ-ի` Դուգինայի սպանությունը բացահայտվել է
Հաջորդ հոդվածըՃապոնիան պահպանում է ՌԴ–ի դեմ պատժամիջոցները