‘Պակասող աթոռներ ու «անտեսանելի» թարգմանիչ՝ Ազգային ժողովում (տեսանյութ)’

1716

Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցավ հայ ռուսական միջխորհրդարանական համագործակցության 25-րդ նիստը:

Հանդիպման մեկնարկից րոպեներ անց մի քանի կազմակերպչական թերություններ ի հայտ եկան: Նախ՝ պարզվեց, որ կլոր սեղանի շուրջ դրված աթոռների թիվը չի համապատասխանում սեղաններին դրված անվանական ցուցանակների թվին, եւ նիստին հրավիրված մի քանի պատգամավորներ սեղանի շուրջ տեղ չգտան: Ուշագրավ է, որ տեղ չգտնվեց հատկապես ոչ իշխանական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների համար:  Այս թերությունը նիստը համանախագահող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ակտիվ մասնակցությամբ «շտկվեց» սուրճի ընդմիջման ընթացքում:

Այնուհետեւ պարզվեց, որ նիստի կազմակերպիչները «մոռացել են» ապահովել ռուսերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն: Հերմինե Նաղդալյանը ողջույնի ելույթ ունեցավ հայերենով, եւ նրա խոսքը թարգմանվում էր ռուսերեն: Բայց երբ թե՛ ռուսաստանյան, թե՛ հայաստանյան կողմերի ներկայացուցիչներն անցան ռուսերենով ելույթների, թարգմանիչը հեռացավ դահլիճից:

iLur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ թարգմանության բացակայությունը լեզվի մասին օրենքի խախտում է: Անգամ ՀՀԿ-ական պատգամավոր, ռուսաստանյան հեռուստատեսության հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր Լեւոն Մարտիրոսյանը փաստեց, որ «վատ է», երբ հայերեն թարգմանություն չկա, քանի որ, նրա խոսքով, որքան էլ որ ռուսերենն ընդունելի է, այնուամենայնիվ, հայերի համար օտար լեզու է:

Սակայն, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նիստի ավարտից հետո տրված ասուլիսին iLur.am-ի հարցին ի պատասխան փորձում էր պնդել, որ համաժամանակյա երկկողմանի թարգմանություն եղել է: Միայն այն բանից հետո, երբ տիկին Նաղդալյանին ցույց տվեցինք թարգմանչի խցիկը, որը դատարկ էր ինչպես այդ պահին, այնպես էլ նիստի գրեթե ողջ ընթացքում, փոխխոսնակն իր մոտ հրավիրեց ԱԺ աշխատակցին եւ հրահանգեց թարգմանիչ կանչել: Ժամանած թարգմանիչը «հընթացս» տեղավորվեց սենյակի մի անկյունում եւ սկսեց թարգմանել` կուլ տալով ամբողջ պարբերություններ (թարգմանության որակը կարելի է գնահատել՝ դիտելով տեսանյութը):

Իսկ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը խորհուրդ տվեց լեզվի հարցերում շատ պահանջկոտ չլինել, որովհետեւ հիմա «այն ժամանակները չեն»: Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով, խոսեք, եթե` ոչ, ոչ: Բայց խորհուրդ կտամ չմեկուսանալ, հիմա այն ժամանակները չեն», — ասաց 85-ամյակը վերջերս նշած Նիկոլայ Ռիժկովը: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մին, էրկու, իրեք, չորս, իմ հավասն ա Տասնչորս» ‘
Հաջորդ հոդվածը‘ Մարդիկ ամբողջ աշխարհում ուռճացնում են իրենց երկրներում բնակվող մուսուլմանների թիվը’