‘«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պարը կբեմադրի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին ‘

3673

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանի պարը կբեմադրի Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, ով ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին է: Բեմադրության առաջին փորձը տեղի ունեցավ մարտի 29-ին Երեւանի Պարարվեստի քոլեջում:«Արմենպրես»-ի հետ զրույցում Շվեդիայից ժամանած անվանի պարողը նշեց, որ իրեն շատ է ուրախացրել այն, որ իրեն է վստահվել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի մասնակցի պարի բեմադրումը: «Շատ ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով օգնել եւ օգտագործել իմ երկար տարիների փորձը»,- ասաց Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարողը: Նրա խոսքով` սա իր հայաստանյան առաջին բեմադրությունը չէ, ինքը մինչ այդ բեմադրություն է իրականացրել «Բարեկամություն» պարի անսամբլի համար, ինչպես նաեւ հանդես է եկել դասերով Պարարվեստի քոլեջում:

\"\"

«Դժվար է լինելու, հեշտ չէ լավ պատրաստված ներկանալը, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի լինի լավ մասնակցություն, լավ բեմադրություն եւ լավ երաժշտություն»,- պատմեց պարողը` ավելացնելով, որ իրենք պետք է փորձեն օգտագործել Վահագնի պարային բոլոր կարողությունները:

«Բեմադրության տեւողությունը շատ կարճ է` ընդամենը մեկ ու կես րոպե, ուստի պետք է օգտագործել բոլոր հնարավորությւոնները, որպեսզի մեր մասնակիցը լավ ներկայանա»- նշեց Մեհրաբյանը, ով առաջին փորձից հետո որպես Վահագի ուժեղ կողմ առանձնացրեց զգացմունքայնությունը եւ պարային որոշակի տեխնիկային տիրապետելը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին`արդյոք  մեր բեմադրության մեջ կլինեն ազգային տարրեր` Մեհրաբյանը նշեց, որ բեմադրության երաժշտության մեջ հնչելու են դուդուկ, ջութակ, սակայն պարը հնարավորինս ժամանակակից է լինելու:

Շուրջ երեք ժամ տեւողությամբ բեմադրության առաջին փորձից  տպավորված էր նաեւ Վահագն Մարգարյանը: «Շատ ուրախ եմ, որ հենց Արսենը` հայ մասնագետ  է բեմադրելու իմ պարը: Ես փորձեր կունենամ ամեն օր, անգամ կիրակի օրերին, որպեսզի զգամ, թե ինչ եմ պարում եւ ճիշտ մատուցեմ հանդիսատեսին»,- նշեց Վահագնը` ավելացնելով, որ փորձից ստացած տպավորությունները մեծ են, քանի որ մոդեռն բալետը իր  համար նոր ոճ է պարարվեստում:

\"\"

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գապարյանը նշեց, որ բեմադրողի ընտրությունը կանգ է առել Մեհրաբյանի վրա` ելնելով նրա հարուստ պարային ուղուց, ստեղծագործական նվաճումներից եւ ամենակարեւորը` ժամանակակից բալետի գիտելիքներից: Նա տեղեկացրեց, որ  համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: «Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից»,- նշեց նախագծի պատասխանատուն` ավելացնելով, որ միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:

\"\"

Բեմադրության երաժշտությունը հեղինակել է Արսեն Մեհրաբյանի գործընկերը, այն  կներկայացվի հանրության դատին առաջիկայում: Հայաստանն իր եվրատեսիլյան կենսագրության մեջ առաջին անգամ է մասնակցում «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին: Միջազգային այս հեղինակավոր մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այն անցկացվել է երկու տարին մեկ: Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեյցիարիան հաղթել են երկուական անգամ: Մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին:  

Արմենպրեսս 


Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամը կրճատման տակ կընկնի’
Հաջորդ հոդվածը‘Դումանյանն ուզում է օպտիմալացնել հոգեբուժարանները ‘