‘Պիկեն հնարավոր է որակազրկվի «լռեցնող ժեստի» համար’

1084

Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն հնարավոր է որակազրկի «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին: Marca.com-ից տեղեկանում ենք, որ Լա լիգան սկսել են դիտարկել «Էսպանյոլի» բողոքը, ըստ որի «բլաուգրանայի» ֆուտբոլիստը սադրանքի է դիմել, երբ «թութակների» հետ խաղում (1:1) տոնել է խփած գոլը:

Հիշեցնենք, որ կատալոնացին գոլից հետո մոտեցել է տրիբունաներին և ցուցամատը շրթունքների մոտ պահելով նրանց լռելու կոչ արել: Վերջինս նման քայլի է դիմել, քանի որ «Էսպանյոլի» երկրպագուները խաղի ընթացքում վիրավորել են նրան ու նրա կնոջը` Շակիրային: Մասնավորապես «Կորնելիա Էլ Պրատ» մարզադաշտում բացվել է կոլումբացի երգչուհուն վիրավորող պաստառ: «Էսպանյոլն» այդ երկրպագուներին այսօր ցմահ արգելել է մարզադաշտ հաճախել:

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը սխալ է վարվել.

«Պիկեն պետք է խուսափեր որոշ սադրալից ժեստերից: Նման արարքներից հետո մարդիկ սկսում են վիրավորել նրան, ինչն անտանելի է: Այո, ֆուտբոլիստները հաճախ են գոլերը նման կերպ տոնում, բայց սա այլ դեպք է: Օրինակ, «Ռեալի» հարձակվող Ռաուլը նման կերպ էր վարվում, երբ մարզադաշտ կողմնակի իրեր էին նետվում»:

Նշվում է, որ Պիկեին 1-3 խաղով որակազրկում է սպառնում, եթե Լա լիգան նրա ժեստն ագրեսիվ գնահատի:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կլարենս Զեդորֆը` իսպանական թիմի գլխավոր մարզիչ’