‘«Պլաստիլինե տոկուն զինվորիկը». Հեքիաթ, որ պատմում են երեխաներին’

4448

Արդեն լավ հայտնի է, որ 2015-ի Սահմանադրությամբ Հայաստանի նախագահի պաշտոնը թեեւ չի ոչնչանում, բայց ոչնչանում են նախագահի փաստացի բոլոր իրական լիազորությունները: Երկրի իշխանության ծանրության կենտրոնը նախագահի ինստիտուտից կտրուկ տեղափոխվում է վարչապետի ինստիտուտի կողմը: Վարչապետ, որին ընտրում է խորհրդարանի մեծամասնությունը, իսկ այդ մեծամասնությունը, կրկին Սահմանադրության պահանջով, պարտադիր ձեւավորվում է ընտրությունների օրը:

Պետության գլխին մնում են զուտ ներկայացուցչական գործառույթներ: Սահմանադրության՝ նախագահի պարտականություններին վերաբերող գլխում կարելի է շարունակ հանդիպել «անհապաղ ստորագրում է», «անմիջապես հաստատում է» եւ այս կարգի այլ արտահայտություններ: Եթե նախագահը հանկարծ հրաժարվում է «անհապաղ» ստորագրել իրեն հասանելիք թղթերը՝ օրենքներ, միջազգային պայմանագրեր եւ այլն, այդ թղթերը, միեւնույն է, ուժի մեջ են մտնում ԱԺ նախագահի, վարչապետի ստորագրություններով կամ իրավունքի ուժով:

Առհասարակ խորհրդարանական հանրապետություններում նախագահի պաշտոնը զուտ ներկայացուցչական ինստիտուտ է, որին, սակայն, զգալի քաղաքական կշիռ կարող է տալ այդ պաշտոնն զբաղեցնող անձը:

Բունդեսպրեզիդենտի խոսքի ուժը

Եվրոպական խորհրդարանական համակարգերից ամենահատկանշականն այս առումով, թերեւս, Գերմանիան է: ԵՄ առաջատար ժողովրդավարության պետական կարգը, ի դեպ, ձեւով բավական նման է Հայաստանի՝ գործող Սահմանադրությամբ հաստատված համակարգին: Այնտեղ, ըստ 1949-ի Գլխավոր օրենքի, քաղաքական ամենակարեւոր ֆիգուրը բունդեսկանցլերն է՝ վարչապետը, իսկ պետության ձեւական ղեկավարը Դաշնային ժողովի1 ընտրած նախագահն է՝ բունդեսպրեզիդենտը: Նա անվերապահորեն ստորագրում է քաղաքական մեծամասնության կայացրած որոշումների տակ, դիմավորում եւ ճանապարհում է դեսպանների, մասնակցում է բարեգործական ճաշկերույթների, բայց միաժամանակ նաեւ մերթ ընդ մերթ  իր հստակ դիրքորոշումն է արտահայտում երկրի համար առանցքային քաղաքական հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ նախագահ Հյորսթ Կելլերը 2010-ին հայտարարեց, որ Աֆղանստանում գերմանական ռազմական առաքելությունը ծառայում է երկրի տնտեսական շահերին: Ճիշտ է, այդ հայտարարության համար նա ստիպված եղավ մի քանի շաբաթ անց հրաժարական տալ, բայց փաստ է, որ նախագահն արեց քաղաքական հայտարարություն, որը կոնկրետ քաղաքական հետեւանքների հանգեցրեց:

Մեկ այլ բունդեսպրեզիդենտ՝ Յոախիմ Գաուկը, 2015-ին հանդես եկավ զուտ քաղաքական նախաձեռնությամբ՝ պաշտպանելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դրանում Կայսերական Գերմանիայի պատասխանատվության բաժինն ընդունող օրինագիծը: Նաեւ նախագահի դիրքորոշումը մեծապես նպաստեց օրենքի անվերապահ ընդունմանն արդեն հիմնական քաղաքական մարմնում՝ Բունդեսթագում: Սրանով Գաուկը, ըստ էության, ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական գործընթացի անմիջական մասնակիցը դարձավ, որովհետեւ գաղտնիք չէ, որ Մեծ Եղեռնի նկատմամբ պաշտոնական դիրքորոշումն այս կամ այն երկրում ձեւավորվում է ոչ թե մարդասիրական մղումներից, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Առավելեւս Գերմանիայի նման երկրում, որտեղ շուրջ 6 միլիոն թուրք է ապրում:

Իսկ Դաշնային Հանրապետության ներկայիս նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ընդհանրապես, 21-րդ դարի Գերմանիայի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկն է, եւ գուցե չափազանցություն չի լինի ասել՝ երկրորդ ամենաազդեցիկ դեմքը երկարամյա կանցլեր Մերկելից հետո: Շթայնմայերը երկար տարիներ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն էր, ավելի քան 8 տարի՝ Գերմանիայի արտաքին գործոց նախարարը: 2017-ին նախագահի «ոչ քաղաքական պաշտոնում» նրա առաջադրումը, ըստ էության, քաղաքական կոմբինացիայի արդյունք էր:

Վրացական երազանքի հետեւից

Նախագահը փաստացի բավական ցայտուն ֆիգուր է նաեւ դեմոկրատական ավանդույթներով Գերմանիային զիջող, բայց ակնհայտորեն ժողովրդավարական զարգացման ուղին բռնած մեր մերձավոր հարեւան երկրում՝ Վրաստանում: Այստեղ 2013-ից ի վեր նույնպես վերջնական անցում կատարվեց դեպի կառավարման խորհրդարանական համակարգ: Եվ նոր՝ սահմանափակ լիազորություններով առաջին նախագահի պաշտոնն զբաղեցրեց քաղաքական ու տնտեսական մագնատ, ներկայիս Վրաստանի իրական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հովանավորյալ Գեորգի Մարգվելաշվիլին: Երիտասարդ գործիչը, որն իր իսկ խոստովանությամբ «պլաստիլինե մարդ է», այնուհանդերձ, անընդհատ ձգտում է դուրս գալ սահմանադրությամբ իր վրա չափազանց նեղ կարված կոստյումից ու արդեն հասցրել է վիճել ինչպես իրեն առաջադրած «Վրացական երազանք» դաշինքի ու դրա ամենազոր առաջնորդ Իվանիշվիլու հետ (մագնատը նախագահի հետ արդեն մի քանի տարի է՝ շփվում է միայն միջնորդավորված), այնպես էլ, առավել եւս, նախկին իշխանական ուժի՝ Ազգային միացյալ շարժում կուսակցության հետ: Վերջինը, սակայն, չխանգարեց, որ բատոնո Գեորգին խստիվ քննադատի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա դատապարտելու մասին դատարանի որոշումը: Մարգվելաշվիլին աչքի է ընկնում նաեւ արտաքին քաղաքական հիմնական հարցերում իր որդեգրած հստակ դիրքորոշումներով: Նա  պարբերաբար հանդես է գալիս երկրի հիմնական արտաքին հակառակորդի՝ Ռուսաստանի քաղաքականության քննադատությամբ՝ համարելով, որ Մոսկվայի ակտիվությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մի խոսքով՝ Սահմանադրությամբ ու բնությամբ «պլաստիլինե» Գեորգի Մարգվելաշվիլին շատ հարցերում պողպատյա սկզբունքայնություն է դրսեւորում՝ վաստակելով իր ժողովրդի աջակցությունն ու սերը:  

Եվ ես, կարգավս նախագահական իշխանության եւ հրամանաւն կուսակցապետի…

Վերադառնանք Հայաստան: Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ հայտնի է չորրորդ նախագահի միակ ու գրեթե հարյուրտոկոսանոց հավանականությամբ անցողիկ թեկնածուի անունը՝ Արմեն Սարգսյան: Դեռ մինչեւ պաշտոնապես նրա անունը հայտարարելը ՀՀԿ նախագահը նախանշեց չորրորդ նախագահի որակները՝ լեզուների իմացություն, սփյուռքի ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու կարողություններ, եւ, որ ամենակարևորն է՝ «լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»: Եվ թեկնածու Սարգսյանը այս ողջ  ընթացքում կարծես ջանում է համապատասխանել հենց ա՛յդ չափանիշներին, լինել «խոտից ցածր, ջրից լուռ»,  չնայած գործող Սահմանադրությունը նախագահին երբեւէ «քաղաքականությամբ չզբաղվելու» կամ «կուսակցության անդամ չլինելու» պահանջ չի ներկայացրել: Այս մի քանի շաբաթների ընթացքում լրագրողների հետ եղած տարատեսակ շփումների ժամանակ Արմեն Սարգսյանը ակնարկ անգամ չի արել, որից հնարավոր կլիներ կռահել, թե ինչ պատկերացումներ ունի պետության ապագա գլուխը Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ կոռուպցիա,  արտագաղթ, մենաշնորհներ եւ ամենակարեւորը՝ Արցախյան խնդրի կարգավորում: Հայաստանի քաղաքացիները ո՛չ լրագրողների հետ հապճեպ զրույցներից, ո՛չ «Շանթ» հեռուստաընկերությանը տված նրա ծավալուն հարցազրույցից հետո որեւէ պատկերացում չեն կազմում, թե ինչպիսին է ապագա նախագահի թեկուզ խորհրդանշական դիրքորոշումը հայկական նորագույն պետականության ամենաառանցքային խնդրի վերաբերյալ: Տպավորություն կա, որ Հայաստանի չորրորդ նախագահը մտադիր է հավակնել տարածաշրջանի «Պլաստիլինե տոկուն զինվորի» պատվավոր տիտղոսին:

 —-

1Դաշնային ժողով – Bundesversammlung – ԳԴՀ խորհրդարանի երկու պալատներից եւ երկրամասային ներկայացուցիչներից բաղկացած ժողովը, որը հավաքվում է միայն նախագահ ընտրելու նպատակով:

Հակոբ Կարապետյան

  

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Ասանժն ազատությունից մեկ քայլ հեռավորության վրա է’