‘
Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր մրցակից, երկրի գործող նախագահ Պետրո Պոռոշենկոյին առաջարկել է բաց բանավեճ անցկացնել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում:
Զելենսկին պահանջել է, որ բոլոր հեռուստաալիքներն իրավունք ունենան հեռարձակելու բանավեճը ուղիղ եթերում, իսկ իրենք՝ թեկնածուները, բժշկական փորձաքննություն անցնեն՝ ապացուցելու համար, որ իրենց մեջ «թմրամոլներ ու հարբեցողներ չկան»: «Երկրին առողջ նախագահ է պետք»,- ասել էր Զելենսկին իր տեսաուղերձում:
Պոռոշենկոն պատասխանել է, որ թեպետ դա չի համապատասխանում Ուկրաինայի ընտրական օրենսդրությանը, այնուհանդերձ՝ ինքն ընդունում է մարտահրավերը: «Մարզադաշտ՝ թող լինի մարզադաշտ»,- գրել է նա իր Twitter-ում:
Պոռոշենկոյի նախընտրական շտաբում հայտարարել են, որ նախագահը պատրաստ է նաև անալիզներ հանձնել ալկոհոլի և թմրանյութերի գործածման առնչությամբ: «Դեբատներին նախապատրաստվելու շրջանականերում Պյոտր Պոռոշենկոն վաղը ժամը 09.00 սպասում է Վլադիմիր Զելենսկուն նրա իսկ ընտրած «Օլիմպիական» մարզադաշտի բուժկետում՝ անհրաժեշտ անալիզները հանձնելու համար»,- հինգշաբթի տեղեկացրել է Պոռոշենկոյի արտահաստիքային խորհրդականը:
Փոխանցում է euronews-ը:
‘