‘Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը Յանուկովիչին օգնել է փախչել’

1367

Ռուսաստանն այս տարվա փետրվարին օգնել է Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչին  հեռանալ Կիևից, տեղեկացրել է Վլադիմիր Պուտինը Սոչիում «Վալդայ» բանավիճային ակումբի հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի նախագահն առաջին անգամ բացահայտ խոստովանել է, որ օգնել է Յանուկովիչին թաքնվել:

«Չեմ թաքցնի, մենք նրան օգնել ենք տեղափոխվել Ղրիմ, և նա այնտեղ է մնացել մի քանի օր: Այդ ժամանակ Ղրիմը դեռ Ուկրաինայի մի մասն էր»,- պատմել է Պուտինը:

«Անկեղծ ասեմ, նա խնդրեց իրեն տեղափոխել Ռուսաստան, ինչն էլ մենք արեցինք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև կրկին հայտարարել է, որ Կիևը պետք է զորքերը դուրս բերի երկրի արևելքից, որպեսզի պահպանի տարածքային ամբողջականությունը: «Եթե Ուկրաինան ուզում է պահպանել տարածքային ամբողջականությունը, իսկ մենք նույնպես դա ենք ուզում, ապա պետք է հասկանա, որ պետք չէ այնտեղ կառչել ինչ-որ գյուղից, հասկանո՞ւմ եք, դա անիմաստ է: Կարևորն այն է, որ դադարեցվի արյունահեղությունը, և երկխոսություն սկսվի»,- եզրափակել է Պուտինը: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» Մադրիդ-«Բարսելոնա». Էլ կլասիկո. Խաղից առաջ’