‘
Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումը: Այդ հանդիպումը կայացել է Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին, թե ինքը մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Հանդիպումից առաջ Բոլթոնը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ որևէ սպառնալիք չի տեսնում 1987 թ. կնքված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մեջ:
Ռուսաստանի նախագահը հանդիպումն սկսել է Վաշինգտոնի հասցեին ընդհանուր քննադատությամբ: «Մեզ համար, անկեղծ ասած, երբեմն զարմանալի է տեսնել, թե ինչպես է Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկում բացարձակապես ոչ մի բանով չպայմանավորված քայլեր, որոնք մենք չենք կարող բարեկամական համարել,- ասել է Պուտինը:- Մենք նույնիսկ, ըստ էության, չենք պատասխանում ձեր որևէ քայլին: Բայց դա անընդհատ շարունակվում է»:
Մյուս կողմից՝ Պուտինն առաջարկել է «շարունակել ուղիղ երկխոսությունը» Թրամփի հետ միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, որոնք կկայանան առաջիկայում: «Օրինակ՝ Փարիզում: Իհարկե՝ եթե ամերիկյան կողմը շահագրգռված է այդ շփումների հարցում»,- պարզաբանել է նա:
Ի պատասխան՝ Բոլթոնը նշել է, որ Թրամփին «շատ հաճելի կլինի ձեզ հետ հանդիպել Փարիզում այդ միջազգային հանդիպման շրջանակներում, ինչի մասին դուք ասացիք»: Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարաձանություններին՝ «շատ օգտակար կլինի հանդիպել» և գտնել շփման կետեր:
Փոխանցում է BBC-ն:
‘