‘Ջիանի դի Բիազի. «Բոլորն ասում են. “Mister, victory, victory, victory!”: Ես այդպես չեմ տեսնում, քանի որ Հայաստանն ուժեղ թիմ է»’

1655

Թարգմանաբար ներկայացնում ենք Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիանի դի Բիազիի մամուլի ասուլիսի ամբողջական տարբերակը, որը հետաքրքիր կլինի նաև հայ ֆուտբոլասերների համար:

— 28 ֆուտբոլիստ եք հրավիրել ընդամենը մեկ խաղի համար: Կա՞ դրա անհրաժեշտությունը:

— Այո, ես հրավիրել եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր այս պահին առկա են և լրջորեն աշխատել են իրենց թիմերում: Մեր ուժեղ կողմը, ինչպես գիտեք, համախմբվածությունն է և ես ճիշտ համարեցի հրավիրել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող էին միանալ մեզ այս խաղի համար:

— Ինչպե՞ս են ֆուտբոլիստները մոտենում այս խաղին:

— Կարող եմ ասել, որ մեր անցկացրած վերջին խաղից 4 ամիս և 4 օր է անցել և այս ընթացքում կապի մեջ եմ եղել բոլորի հետ՝ առանց բացառության: Ոմանց զանգահարել եմ, ոմանց հետ խոսել եմ ինտերնետով, իսկ ոմանց էլ այցելել եմ իրենց թիմերում: Հասկանալի է, որ ֆուտբոլային պատճառներներով պետք է ուշադիր հետևեի ֆուտբոլիստներին և կարծում եմ, որ ֆուտբոլիստների լավ ընտրություն ունենք:

— Ի՞նչ սպասել Հայաստանից:

— Հայաստանը մի թիմ է, որին շատ դժվար է հաղթել: Տեսեք, այս ընթացքում ես հանդիպում եմ մարդկանց, թերթեր եմ կարդում, խոսում եմ ձեզնից շատերի հետ և ինչ-որ ինքնագոհություն եմ նկատում: Բոլորին թվում է, թե Հայաստանի դեմ հեշտ խաղ է սպասվում և անպայման պետք է հաղթենք առանց խնդիրների: Բոլորն ասում են. “Mister, victory, victory, victory!”: Ես այդպես չեմ տեսնում, քանի որ Հայաստանն ուժեղ թիմ է, որը ոչ-ոքի է խաղացել Սերբիայի դեմ՝ չիրացնելով 11 մետրանոցը, պարտվել է Դանիային ու սկզբում առաջ էր հաշվի մեջ, միայն մեկ գոլով է պարտվել Պորտուգալիային: Հիմա ասեք ինձ. սա հե՞շտ մրցակից է:

— Ինչպե՞ս հաղթել հայերին:

— Պետք է շատ խելացի գործել՝ օգտագործելով մեր բոլոր որակները: Եվ իհարկե, չպետք է անտեսել որևէ մանրուք, որը կարող է ազդել խաղի վերջնական արդյունքի վրա: Բոլորը պետք է հասկանան, թե որքան կարևոր է այս խաղը մեզ համար: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ որևէ պարագայում չպետք է մտածենք, որ հիմա մենք մեծ թիմ ենք, քանի որ հաղթել ենք Պորտուգալիային և լավ ենք խաղացել Դանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դեմ: Այս լավ խաղերը պետք է անցյալում թողնենք: Եթե գերագնահատենք մեզ, ապա սխալ ուղղությամբ կգնանք: Այդ պարագայում կկրկնենք նախորդ շրջափուլի սխալը: Սա այն հանդիպումներից է, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ այս շրջափուլում մեր երազանքի իրականացման հարցում:

— Արդյո՞ք սա Դի Բիազիի մարզչական կարիերայի ամենակարևոր հանդիպումն է:

— Այո, կարող եք այդպես համարել: Ես այլ կարևոր հանդիպումներ էլ եմ ունեցել, երբ ցանկանում էինք, որ «Տորինոն» պահպանի իր տեղը Ա սերիայում, կամ «Մոդոնան» Ա սերիայի ուղեգիր նվաճի: Բայց այս պահի համար կարելի է ասել, որ Հայաստանի դեմ խաղն է ամենակարևորն ինձ համար: Այնուամենայնիվ, մենք պետք է լավագույն ձևով պատրաստվենք խաղին: Դրա համար պետք է նաև ձեր օգնությունը. պետք չէ լրացուցիչ ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա: Նրանց պետք է հանգիստ թոնղել, որպեսզի նրանք կատարեն իրենց աշխատանքն ու հասնեն ցանկալի արդյունքի: Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բայց պետք է լրջորեն պատրաստվենք այս խաղը հաղթելու համար:

— Երկու տարի առաջ կայացած խաղում 2-0 հաշվով Ալբանիան հաղթեց Հայաստանին…

— Ոչ, ոչ, ոչ: Նման համեմատություն պետք չէ անել: Երկու տարի առաջ ընկերական հանդիպում էր: Նրանք խաղում էին առանց իրենց լավագույն ֆուտբոլիստի՝ Մխիթարյանի, առանց մեծ մոտիվացման: Իսկ հիմա փոխվել է մարզիչը, և նրանք գալիս են արդյունքի ետևից: Սա բոլորովին այլ պատմություն է և չի կարելի նման համեմատություն անցկացնել:

— Ալբանիան սովորաբար հաշվարկված է գործում այս մակարդակի խաղերում: Ի՞նչ է պետք անել այս անգամ հաջողության հասնելու համար:

— Պետք է ունենանք հավասարակշռված թիմ, հաշվի առնենք ամեն ինչ խաղադաշտում, չպետք է տրվենք երկրպագուների էյֆորիային և փորձնեք անմիջապես արդյունքի հասնել:

— Դժվարություններ կա՞ն մեկնարկային կազմի ընտրության հարցում:

— Ոչ շատ, քանի որ իմ տրամադրության տակ են նույն ֆուտբոլիստները, չնայած նրան, որ 28 ֆուտբոլիստ է հրավիրված: Որոշ խնդիրներ կան, քանի որ Վալտեդ Ռաման և այլ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, սակայն մարզումների ընթացքում կտեսնենք, թե ովքեր են պատրաստ խաղալու առաջին րոպեներից:

— Շատ են ֆուտբոլիստները Շվեյցարիայի առաջնությունից: Ինչու՞:

— Որովհետև նրանք ավելի պատրաստ են: Բոլոր այս ֆուտբոլիստներին ես հետևել եմ ամիսների ընթացքում և շատ լավ գիտեմ, թե որքանով կարող են օգնել հիմա և առաջիկա տարիներին: Կան նոր ֆուտբոլիստներ, ովքեր ուժեղ են ֆիզիկապես և կարող են ուժեղացնել խաղի այս բաղադրիչը:

— Նաև հրավիրվել է Ալիյին: Ինչու՞:

— Քանի որ մոտ մեկ տարի է հեևում եմ նրան և զգում եմ, որ թիմն ունի նրա կարիքը:

— Ինչու՞ է հրավիրվել Սադիկուն և չկա Կապլանին:

— Սադիկուի մարզումներին հետևել եմ «Ցյուրիխում»: Որոշ խաղերում, որքան որ խաղացել է, ես նկատել եմ, որ նա լավ մարզիճակում է: Նրա և Ալիյիի կարիքը թիմն ունի՝ եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում: Նա գնալով ավելի հասուն ֆուտբոլ է խաղում, չնայած նրան, որ «Ցյուրիխում» խաղալու հետ կապված դժվարություններ ունի մեծ մրցակցության պատճառով:

— Կարծու՞մ եք, որ Հայաստանի հավաքականն այլ տրամադրվածությա՞մբ կգա Ալբանիա, քանի որ նրանց մարզչի առջև վերջնագիր է դրված՝ հաղթանակ կամ հրաժարական:

— Շատ եմ ափսոսում, որ երբ գործերը հաջող չեն ընթանում, մարզիչն է առաջինը պատժվում: Իմ կարծիքով, Հայաստանի հավաքականի մարզիչը շատ լավ աշխատանք է կատարել թիմի հետ այս ընտրական փուլում, թիմը գեղեցիկ խաղ է ցուցադրում, բայց վերջնական փուլում ինչ-որ բան չի ստացվում:

— Դուք մարզիչների «քիլլեր» եք դառնում, քանի որ Ալբանիայի դեմ խաղերից Պորտուգալիան հեռացրեց Բենտուին, Սերբիան՝ Ադվոկատին…

— Շատ լավ գիտեմ սա, սակայն լինելով մարզիչ, չէի ցանկանա այս երևույթին նայել այնպես, ինչպես դուք եք դա տեսնում: Մարզիչն այն մարդն է, որին ամենից հեշտն է մեղադրելը, սակայն ես պարզապես ցանկանում եմ հաղթել Հայաստանին: Միևնույն ժամանակ հակառակն է ցանկանում հակառակորդ թիմի մարզիչը:

— Որտե՞ղ եք ավելի շատ տեսնում Շկելզեն Գաշիին: Կիսապաշտպանությունու՞մ, թե՞ հարձակման գծում:

— Ավելի շատ կիսապաշտպանությունում, որտեղ նա խաղում է «Բազելի» կազմում, բայց ավելի շատ միտված դեպի հարձակումը:

— Ասում եք, որ Հայաստանն ուժեղ թիմ է, բայց նրանք չեն հաղթել վերջին 7 խաղերում…

— Խնդրում եմ, բարի եղեք և ժամանակ գտեք ու դիտեք Հայաստանի վերջին չորս խաղերը: Կփոխեք ձեր կարծիքն այս թիմի մասին: Նրանք Պորտուգալիայի դեմ խաղում բոլոր հնարավորությունները կորցրեցին պաշտպանի մեկ սխալի պատճառով, այլապես Պորտուգալիան պետք է մահանար խաղադաշտում գոլ խփելու համար: Նրանք ավելի լավ էին խաղում, քան Սերբիան: Չնայած դրան, նրանք չհասան արժանի արդյունքի և միայն ոչ-ոքի գրանցվեց: Ես սա ասում եմ, ոչ թե նրանց գերագնահատելու համար, այլ պարզապես պետք է հասկանալ, որ պետք չէ որևէ պարագայում նրանց թերագնահատել, քանի որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղալու:

— Ճնշում զգու՞մ եք խաղից առաջ:

— Ոչ, քանի որ հասկանում ենք, որ գերազանցել ենք ընտրական փուլի մեկնարկի նախնական սպասելիքները և արդեն այն պահին ենք, որ հասկանում ենք յուրաքանչյուր խաղի արժեքը և հնարավոր ամեն ինչ պետք է անենք մեր ուղին շարունակելու համար:

— Ֆեդերացիայի նախագահ Դուկան նշել է, որ հաղթանակից բաց որևէ այլ արդյունքի մասին չի մտածում…

— Դուկան իրականում այլ բան է ասել: Նա ասել է, որ պետք է առավելագույնն անենք հաղթելու համար: Ես խորհրդաժողովի ժամանակ խոսել եմ նախագահի հետ և նա ինձնից լավ գիտի, թե որքան դժվար է խաղ է սպասվում և գիտի հակառակորդի ուժը:

— Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ոչ-ոքին լավ արդյունք կլինի Հայաստանի դեմ խաղում:

— Ոչ, իմ աշխատաձևն այնպիսին է, որ երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, ցանկանում եմ առավելագույն արդյունքը՝ անկախ մրցակցից: Նույնը վերաբերվում է այս խաղին:

— Ցանան գալիս է վնասվածիքով, ինչպես և Ռոշին: Մավրայը պարբերաբար չի խաղում, իսկ Լենյանին ընդհանրապես չի խաղում: Սա անհանգստացնու՞մ է:

— Ինչ-որ չափով, բայց ես փորձում եմ դրականը տեսնել այս ամենում: Կարծում եմ, որ այս ֆուտբոլիստներն ավելի շատ են հանգստացել և ունեն լավագույնը ցուցադրելու և 100 տոկոսից ավելին անելու ցանկություն:

— Կիսապաշտպանությունը, թվում է, մեր ամենաուժեղ գիծն է: Համաձա՞յն եք այդ կարծիքին:

— Կարող եմ ասել, որ լավ ֆուտբոլիստներ ունենք հարձակման գծում, նույնիսկ նաև պաշտպանությունում: Մենք կոմպակտ թիմ ունենք:

— Եթե պարտվենք, կկորցնե՞նք որակավորման փուլը հաղթահարելու երազանքը:

— Չեմ ցանկանում այս պահին մտածել այդ մասին:

— Մինչև հանդիպումը կունենա՞ք ալբանական անձնագիր:

— Չգիտեմ, միգուցե պետք է քնեմ երկրի նախագահի հետ (ծիծաղում է):

— Սովորե՞լ եք Ալբանիայի օրհներգը:

— Որոշ բառեր գիտեմ, բայց ամբողջությամբ դեռ չեմ սովորել… 7-8 տարի ժամանակ ունեմ (ծիծաղում է):

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Ասեք՝ որոշել ենք այսպիսի մարմին ստեղծենք, մի ասեք՝ դա Սահմանադրությանը չի հակասում ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Րաֆֆի Հովհաննիսյան. Մեծ պահքի շրջան է, և ես ներում եմ Սերժ Սարգսյանին’