‘Ջհանգիրյանը ԴԱՀԿ ծառայությունը համեմատեց դիահերձարանի հետ’

1476

Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ուշադրություն հրավիրեց ԴԱՀԿ ծառայության չափազանց ակտիվ գործունեության վրա:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ելույթից հետո, որը ներկայացրեց հաջորդ տարի նախարարության իրականացնելիք ծրագրերը, Ջհանգիրյանը նշեց, որ գերատեսչությունների պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել:

«Անցյալ տարի ինչ-որ ոլորտներում եթե ինչ-որ մակարդակի աշխատանք է կատարվել, այս տարի պիտի փորձենք այդ մակարդակը բարձրացնել: Ես ուզում էի, որ այդ ցուցանիշները ներկայացնեք, ոչ թե` այսքան թուղթ ենք բերել, տարել», — դժգոհեց Ջհանգիրյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց` ո՞րն է, ըստ նախարարի, ԴԱՀԿ ծառայության իրականացրած վարույթների տնտեսական արդյունքը երկրի համար:

«Այդ վարույթների ավարտման արդյունքում բնակչությունը ունեզրկվում է, ձեռնարկություններն ունեզրկվում են, իսկ իրենց վարույթների թիվն ավելանում է: Ո՞րն է սրա տնտեսական արդյունքը երկրի համար, որ ԴԱՀԿ մեծ ապարատ ենք պահում, որը հազար դրամ գանձելու համար հինգ հազար դրամ է տանում», — հարցրեց պատգամավորը:

Ջհանգիրյանն այս առիթով հիշեց մի հին անեկդոտ, երբ խորհրդային տարիներին պլենար նիստի ժամանակ առաջարկում են ակտիվացնել աշխատանքները` արդյունքները  մեծացնելու համար: Նիստի ներկաներից մեկը համաձայնում է աշխատել արտաժամյա ռեժիմով, աշխատել հանգստյան օրերին: «Ասում են՝ հլա ճշտեք՝ այդ մարդն ով է, որ ուզում է այդպես աշխատի, պարզվում է, որ կրեմատորիայի դիրեկտոր ա», — պատմեց Ջհանգիրյանը:

Նախարար Մանուկյանն ի պատասխան առաջարկեց առաջադրված հարցերը քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ: Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հավանություն տվեց լսումներ անցկացնելու գաղափարին` նշելով, որ պետբյուջեի նախագծով նախատեսված է, որ ԴԱՀԿ-ն հաջորդ տարի 280 հազարով ավել կատարողական վարույթով դիմում կստանա: Հովհաննես Մանուկյանն ի պատասխան տեղեկացրեց, որ այդ թիվը վերանայման կարիք ունի, որովհետեւ ԱԺ-ում արդեն ընդունվել է հարցը կարգավորող համապատասխան օրենք: 

Գագիկ Ջհանգիրյանը արդարադատութան նախարարի ուշադրությունը հրավիրեց նաեւ նախօրեին ոստիկանապետի տեղակալ Ղամբարյանի ներկայացրած թվերի վրա, համաձայն որոնց` ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է:

«Մենք գնում ենք լիբերալիզացիայի, պրոբացիոն ծառայություն ենք ստեղծում, արդյո՞ք կառավարությունը քննարկում է այս խնդիրը, հիմա մենք ինչպե՞ս ենք փորձում պրոբացիոն ծառայության զուգակցումը ապահովել ազատազարկման ձևով պատիժ կրող անձանց թվի հետ»,-հարցեց նա:

Նախարարն ի պատասխան նշեց, որ հենց պրոբացիոն ծառայության նպատակներից մեկն է, որ առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց սոցիալիզացիան կազմակերպվի այնպես, որ նվազեցվի նույն անձի կողմից հետագայում ծանր հանցագործություններ կատարելու հավանականությունը:

 

Նախորդ հոդվածը‘Կին մրցավարի հետ շփման պատճառով Գվարդիոլան չի պատժվի (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հանդիպել է քաղցկեղով հիվանդ 11-ամյա տղայի հետ (լուսանկար)’