‘Ջհանգիրյան. ԱԺ մեծամասնությունն անընդունակ է օրենսդիր աշխատանք իրականացնել (տեսանյութ)’

1494

«Ներկայացված փաստաթուղթը պատրաստված է բարձր մակարդակով, կատարված է վերլուծություն, որում մեծի մասամբ վեր են հանված բազմաթիվ խնդիրներ»,- այդ մասին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման զեկույցի շնորհանդեսի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով դրանցից մի քանիսին: Ըստ Ջհանգիրյանի՝ ամենամեծ խնդիրն այն է, որ Օրենսդիր մարմինը մեկուսացած է օրենսդիր աշխատանքից: «Ազգային ժողովն իր օրենսդրական առաքելությունը կամավոր զիջել է գործադիրին»,- մանրամասնեց նա: Նույնիսկ այն փոքրաքանակ օրենսդրական նախագծերը, նրա խոսքով, որոնք ներկայացվում են պատգամավորների կողմից, դեկորատիվ են, և դրանք էլ են փոխանցվում կառավարությունից: «Աժ-ն չի իրականացնում նաև օրենքների, օրենսգրքերի հայեցակարգի մշակումն ու քննարկումները, ինչը կրկին կատարում է գործադիրը: Պատճառը հետևյալն է՝ Ազգային ժողովը` իր պատգամավորների գերակշիռ մեծամասնությամբ, անընդունակ է օրենսդիր աշխատանք իրականացնել: Լավագույն դեպքում, պատգամավորների 15-20 տոկոսն է, որ կարող է օրենսդրական նախագիծ գրել կամ դրանց վերաբերյալ կարծիք և գնահատական հայտնել: Պատահական չէ, որ օրենսդրության ինտենսիվ բարեփոխման փուլում` օրենքների մակարդակը կամ պրակտիկայում նրանց գործունեության արդյունավետությունը շատ ցածր է: Մեր երկրի համար առաջին խնդիրը վատ օրենսդրություն ունենալը չէ, այլ օրենքները չկատարելն է կամ խտրական կատարելը»,- նշեց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով, միաժամանակ Ազգային ժողովը չի կարողանում վերահսկել գործադիր իշխանությանը, իր կողմից ընդունված օրենքների կատարման վերահսկողության արդյունքում է հնարավոր բխեցնել նոր օրենսդրական ակտեր և պարզել, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ ԱԺ-ն ամբողջ ծավալով չի ցանկանում գործադրել իր վերահսկողական լծակները գործադիրի նկատմամբ:

Ջհանգիրյանը նշեց, որ լավ կլինի ընդունել այնպիսի ստանդարտներ, որ հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրված պատգամավորները հասկանան, որ այնտեղ հանգստյան տուն չէ, և պատրաստ լինեն իրական օրենսդրական աշխատանքի:

«Կառավարության աշխատանքի թերությունն է օրենսդրության հաճախակի փոփոխությունը, ինչը երբեք չի նպաստում դրա պահանջների կատարմանը պրակտիկայում: Իսկ ամենամեծ թերությունը մեր համակարգում այն է, որ ամեն գերատեսչություն ինքն է մշակում այն մայր օրենքի նախագիծը, որով ինքը պետք է աշխատի: Սա ամենամեծ խայտառակությունն է»,- հավելեց նա:
Որպես օրինակ Գագիկ Ջհանգիրյանը բերեց քրեական դատավարության օրենսգիրքը, որը մշակվել է ուժային կառույցների ճնշման տակ: Արդյունքում օրենսգիրքը բավարարում է միայն դատախազությանը, ոստիկանությանը և այլ ուժային մարմինների, բայց չի բավարարում այն քաղաքացիներին, որոնք ապագայում ընդգրկվելու են քրեադատավարական հարաբերությունների շրջանակ:
Վերջում, Ջհանգիրյանը շեշտեց, որ օրենսդրական գործընթացին անհրաժեշտ են համակարգային լուծումներ: «Թե՛ օրենսդրական նորմալ աշխատանք իրականացնելու, թե՛ գործադիրի նկատմամբ վերահսկողություն կատարելու համար Սահմանադրությունը չէ, որ ԱԺ-ին լիարժեք լիազորություն չի ընձեռում: Ընդամենը պետք է կատարել գործող Սահմանադրության պահանջները»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Կադրային փոխատեղումներ և ընտրական օրենսգրքի փոփոխություններ Ղարաբաղում ‘
Հաջորդ հոդվածը‘Օրենսդրական գործընթացը ՀՀ-ում պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ’