‘
Այսօր Աժ-ում քվեարկության դրվեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների եւ նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիշեցնենք, որ այս օրենքով ստեղծվում է բյուջետային վերահսկողկան գրասենյակ, ինչի հակասահմանադրականության մասին երեկ եւ այսօր խոսել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս այսօր, քվեարկությունից առաջ, վարման կարգի իրավունքով, խոսք խնդրեց եւ ասաց.
«Հարգելի գործընկերներ, պետական բյուջեն այն փաստաթուղթն է կամ հիմնական օրենքն է, որի հետ կապված բոլոր սահմանադրա-իրավական հարցերը լուծում են 3 մարմին՝ Վերահսկիչ պալատ, Կառավարություն եւ Ազգային ժողով: Դուք հիմա սահմանադրական այս իշխանությունների բաժանման եւ վերահսկման այս տրամաբանության մեջ ներմուծում եք նոր մարմին, նոր լիազորություններով, որը հակասահմանադրական է: Եւ ես խնդրում եմ՝ ասեք՝ մենք որոշել ենք այսպիսի մարմին ստեղծենք, մի ասեք՝ դա սահմանադրությանը չի հակասում»:
‘