‘Ջհանգիրյան. Եթե Եռյակը վարչապետի հրաժարականը չի պահանջում, հավանաբար՝ ավելի լուրջ պահանջ կդրվի (տեսանյութ)’

1479

Եթե Եռյակը հանրահավաքների ընթացքում վարչապետի կամ կառավարության հրաժարականի պահանջ չի դնում, պետք է ենթադրել, որ ավելի լուրջ պահանջ կդրվի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ պետք է հետեւել դեպքերի զարգացմանը: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջադրած 12 կետերի կատարման գնահատականին, ապա, ըստ պատգամավորի, իշխանությունները կատարել են դրանցից մոտ երեքը, այն էլ՝ մասնակիորեն:

Այնուհանդերձ, ըստ Ջհանգիրյանի, հարցի վերաբերյալ վերջնական ու միասնական գնահատական կտան Քառյակի ուժերը: Պատգամավորը հիշեցրեց, որ 12 կետերի հարցում Դաշնակցության մոտեցումները համընկնում են մյուս երեք ուժերի մոտեցմանը:

Անդրադառնալով այսօր ԱԺ լիագումար նիստին ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ընդունվելու դեպքում օրենքը թեեւ հետադարձ ուժ չի ունենա, բայց կարձանագրի, որ 2008-ի մարտի 1-ի հրամանագիրը (արտակարգ դրության ռեժիմ մտցնելու-խմբ.) հակաօրինական էր:

Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքի նպատակներից մեկն էլ այն էր, որ օրինական տեսք տրվի 2008-ի հրամանագրին: «Իբր՝ Ռոբերտ Քոչարյանը գործել է իրեն տրված լիազորությունների շրջանակում», — հավելեց Ջհանգիրյանը:

Պատգամավորը նշեց, որ օրինագծի քննարկման ժամանակահատվածը որեւէ այլ քաղաքական գործընթացի, մասնավորապես՝ եռյակի հանրահավաքների հետ ուղղակի կապ չունի: «Քաղաքական իրադարձությունների հետ չեմ համաձայնեցրել: Եթե այդպես լիներ, հանրահավաքներից մեկի ժամանակ այս խնդիրը կհնչեցվեր», — ասաց նա:

Անդրադառնալով մի շարք, հիմնականում՝ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկին՝  գործող օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Մենք ՍԴ տեղը լավ գիտենք: Բայց մենք առայժմ օգտագործում ենք մեր օրենսդրական նախաձեռնության իրավունքը եւ ասում ենք՝ այս դրույթները հակասահմանադրական են: Եւ, ինչպես տեսաք, նրանք որեւէ նորմով չհերքեցին մեր արգումենտները, բացի Սահմանադրության մեկ նորմից՝ 8-2 հոդվածից: Դա ընդհանուր դրույթի նորմ է, որը ասում է, որ բանակը քաղաքականության մեջ չեզոք է եւ օգտագործվում է որոշակի դեպքերում»:

Մանրամասները՝ տեսանյութերում.

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի երդմնակալությունը՝ «նիսյայով». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Քառյակի հանդիպումը’