‘Ջհանգիրյան. Խոշտանգումների վերաբերյալ փոփոխությունների նախագծում որոշ թերություններ կան’

840

Ազգային ժողովում քննարկվում է Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը: Փոփոխությունները բխում են ՀՀ վավերացրած՝ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» միջազգային կոնվենցիայից:

Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ ընդհանուր առմամբ՝ կողմ է ներկայացված նախագծին, միեւնույն ժամանակ՝ մի քանի դիտողություններ արեց: 

«Հանուն արդարության ասեմ, որ այս նախագիծն այն նախագիծը չէ, որ ժամանակին ներկայացվել էր Պետաիրավական հանձնաժողովին եւ առաջացրել էր մեր բուռն ընդդիմությունն ու  հետ էր տարվել: Այնպես որ, իմ արձագանքը ոչ լիարժեք տեղեկացվածության արդյունք էր, որովհետեւ ես ենթադրում էի, որ դա նախորդ, հատկապես անընդունելի նախագիծն է: Բայց ամեն դեպքում, այս նախագիծը եւս զերծ չէ թերություններից, եւ դրանց մասին ես հիմա կխոսեմ:

Նախ, Հայաստանը վաղուց է վավերացրել այս կոնվենցիան, եւ 2003-ին ընդունված Քրեական օրենսգրքում խոշտանգումը ներառված է եղել որպես հանցակազմ՝ 119, 341 հոդվածներ եւ այլն: Ավելին ասեմ, քանի որ այդ կոնվենցիան 80-ականների սկզբին է ընդունվել, այն վավերացված է եղել նաեւ ԽՍՀՄ կողմից, եւ ԽՍՀՄ օրենսդրության մեջ, միութենական հանրապետությունների քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ՝ քրեական իրավունքի տեսության մեջ, խոշտանգում եզրը բավական լավ վերլուծված է եղել, իսկ ձեր խոնարհ ծառան ժամանակին դասավանդել է դա բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների համատեքստում: Բայց միջազգային կառույցների պահանջով կառավարությունը, կարծում եմ, ճիշտ է վարվել՝ որոշելով մայր հոդված սահմանել խոշտանգման վերաբերյալ, եւ բերել տեղակայել է պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների մեջ: Իհարկե, կարելի է այլ առաջարկություններ էլ անել, բայց ես կարծում եմ, որ մենք պահպանել ենք խոշտանգման հանցակազմը անձի դեմ ուղղվածում, հիմա, եթե կառավարությունն ընդունի 341-ում, 340-ում խոշտանգման եզրի պահպանումը՝ որպես որակյալ հանցակազմ, ուրեմն՝ մենք կունենանք մի քանի գլուխներում խոշտանգման հանցակազմ, եւ դրա տեղակայումը կարեւոր չի լինի:

Սկզբունքորեն կողմ լինելով արդարադատության փոխնախարարի բերած հիմնավորմանը՝ պետք է ասել, որ այս հոդվածը խնդիրներ է առաջացնում սերտորեն իր հետ կապված այլ հանցակազմերի հետ՝ հատկապես արարքի որակման, համակցության եւ այլ հարցերում: Ուստի, մենք, ուզենք թե չուզենք, պետք է քննարկման առարկա դարձնենք ոչ միայն 309.1 հոդվածը, այլ նաև նայենք, թե այս հոդվածի ներմուծմամբ ինչ փոփոխություններ պետք է կրեն մնացած՝ սրան առնչվող հանցակազմերը: Մի քանիսը կառավարութունն արել է, 341-ում առաջարկել է որակյալ մասից հանել խոշտանգման հանցակազմը եւ այլն: Իմ կարծիքով՝ մենք այստեղ պետք է գնանք հակառակ ուղղությամբ՝ պետք է թողնենք 341-ը: Բացատրեմ, թե ինչու:

Ինչքան էլ մենք խոսենք խոշտանգման մասին, ակնհայտ է, որ խոշտանգման փաստերի կամ դեպքերի ճնշող մեծամասնությունը քրեական վարույթի շրջանակներում կատարվող խոշտանգումներին է վերաբերում: Այսինքն, սուբյեկտները պետք է լինեն քրեական վարույթի մասնակիցներ՝ հետաքննության մարմին, քննիչ, դատախազ, դատավոր: Ճիշտ է՝ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դատավորը խոշտանգում իրականացնի, բայց կարելի է վերացական օրինակ բերել, ասել՝ որեւէ մեկին արհեստական կալանքի տակ պահելով, մեկ ուրիշին հոգեկան տառապանքներ է պատճառում. տեսականորեն հնարավոր է:

Այսինքն, այս խոշտանգումների բացարձակ մեծամասնությունը կատարվում է արդարադատության ոլորտում: Հետեւաբար, եթե մենք 341 հոդվածի որակյալ հանցակազմը խոշտանգման առումով հանում ենք, ստացվում է, որ հիմնական ոլորտում, որտեղ այդ խոշտանգումը կատարվում է, այս հոդվածը չի գործելու, այլ գործելու է 309.1-ը, որը ընդհանուր պաշտոնեական հանցագործություններին է վերաբերում:

Ես պնդում եմ, որ մենք պետք է 341-ում պաշտպանենք, եւ որպեսզի զերծ մնանք այլ մեկնաբանություններից, կարող ենք տողատակում հղում կատարել, որ խոշտանգման այս եզրը պետք է ըմբռնել այն դիսպոզիցիայի շրջանակներում, որը նկարագրված է 309.1 հոդվածում: Նույն տրամաբանությամբ, 340-ում պետք է պահենք կամ վերականգնենք խոշտանգումը, որովհետեւ այնտեղ էլ նույն խնդիրն է, նույն հարկադրանքն է, անձի կյանքի եւ առողջության համար վտանգավոր հանցակազմը, միայն թե՝ սուբյեկտն է ուրիշ:

Մեկ այլ խնդիր: Նախ, այստեղ խոսք է գնում, որ մենք պետք է համաներման մասին օրենք ընդունենք, որ համաներում չտարածենք խոշտանգման դեպքում: Եթե իրավաբանները չասեին, ես սրան չէի անդրադառնա: Բայց դուք գիտեք, որ ներման, համաներման ինստիտուտը նախագահի բացարձակ իրավունքն է, եւ Սահմանադրությամբ է տրված, մենք ինչպե՞ս կարող ենք օրենքով սահմանափակել: Ուրեմն, եկեք այդպիսի հարցեր չբարձրացնենք, որպեսզի հասարակությունը չընկնի թյուրիմացության մեջ:

Լիազորությունների կասեցման խնդիրը. արդյո՞ք պարտադիր պետք է կասեցնել մեղադրյալի պաշտոնական լիազորությունները՝ մինչեւ նախաքննության ավարտը: Այսօր դա դատախազի լիազորությունն է: Հիմա՝ եթե մենք դարձնում ենք դա պարտադիր, ես կարող եմ տասնյակ հոդվածներ վկայակոչել, որտեղ լիազորությունների կասեցումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Պետք է գնալ հնարավորինս ունիվերսալ լուծումների: Կարծում եմ, այս կարգի քննարկումները պետք է թողնել նոր քրեական օրենսգրքին, որի ընդհանուր մասն արդեն ավարտված է, հատուկ մասի վրա են աշխատում: Իհարկե, ես վստահ չեմ, որ այս գումարման ԱԺ-ը դա կընդունի:

Կարծում եմ, որ առաջինից երկրորդ ընթերցումերի ընթացքում նշվածս փոփոխությունները կկատարվեն, եւ մենք կկարողանանք լիարժեք կողմ քվեարկել: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ծածուկ եւ «մաքսանենգ» ճանապարհով է «խոպանչիներին հարկելու մասին» նախագիծը ներառել ԱԺ նիստի օրակարգ’
Հաջորդ հոդվածը‘Վայոց Ձորում մեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 70 ոչխար սատկել է’