Ռաֆայել Թեյմուրազյան. Ամենամեծ մարտահրավերը

3287

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանը հիմա էլ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման է դարձրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որի դրույթները, ըստ Ալիևի, իբր նախատեսում են Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին։ Երևանի պատասխանը Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործ համարելն է՝ տպավորություն ստեղծելով, թե Ադրբեջանի մեղադրանքները տեղին են։ Հայաստանից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանը մտացածին պատրվակով պայմանագրի ստորագրումից խուսափելու պատասխանատվությունը ՀՀ-ի վրա է դնում։ Հայաստանի պաշտոնյաները խուսափում են խոսել այս մասին, ու Ադրբեջանին «պատասխանողի» դերը վերապահվել է ընդհուպ Դանիել Իոաննիսյանին։

Ադրբեջանն անգամ Նոյեմբերի 9-ին այսքան հանդուգն չէր։ Այդ հանդգնության մակարդակն ուղիղ համեմատական է Հայաստանի վարած «քաղաքականությանը»։ Դա քաղաքականություն էլ չէ, որովհետև չունի որևէ ձևակերպված նպատակ, դրան հասնելու քայլերի հաջորդականություն և առհասարակ որևէ տրամաբանություն։ Փաշինյանի կառավարությունը պարբերաբար տեսակետներ է փոխում, հակասում ինքն իրեն, մի ծայրահեղությունից մյուսը նետվում… Հետևողականության ու հաստատակամության միակ դրսևորումն իշխանությունը պահելու ճիգերում է նկատվում՝ փախչելով խնդիրներից ու պատասխանատվությունից։

Հայաստանի Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու որևէ դրույթ չի պարունակում, ինչպես պնդում է Ալիևը։ Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության հռչակագրում հաստատագրված սկզբունքներին ու համազգային նպատակներին։ Այդ սկզբունքներից հենց առաջինը սահմանում է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը. «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան»։ Իսկ որպես նպատակ Հռչակագրի նախաբանում ձևակերպված է «ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»։ Հռչակագրի նախաբանում Արցախը հիշատակվում է 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման համատեքստում. «հիմնվելով… որոշման վրա»։ Այն ո՛չ որպես առանձին սկզբունք է ձևակերպված, ո՛չ որպես նպատակ։

Թեև հռչակագրի ընդունմանը նախորդած քննարկումներում թե՛ վերոնշյալ որոշման, թե՛ առանձին կետով Հայոց ցեղասպանության հիշատակումը խնդրահարույց է համարվել՝ այն հիմնավորմամբ, որ դրանք կարող են հետագայում խնդիրներ ստեղծել հարևանների հետ հարաբերություններում, բայց գիտնականներով հարուստ Գերագույն խորհրդում գտել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի են եղել ազգայնական թևի համար՝ միաժամանակ երկիրը չհակադրելով աշխարհակարգին՝ հռչակագրի շուրջ ապահովելով քաղաքական բոլոր շերտերի կոնսենսուսը։ Մինչ օրս Հռչակագիրը համազգային կոնսենսուս ապահոված միակ քաղաքական փաստաթուղթն է։

Այն, որ Հայաստանն իր տարածք է համարում Հայկական ԽՍՀ տարածքը, ոչ միայն հիմնավորվում է Հռչակագրի հենց առաջին հոդվածով, այլև՝ պրակտիկայում. Հռչակագրի ընդունումից հետո անկախության հանրաքվեն անցկացվել է միայն խորհրդային Հայաստանի տարածքում, Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին, Հայաստանն այնտեղ երբեք ընտրատարածքներ չի ձևավորել, ընտրատեղամասեր չի բացել, վարչատարածքային բաժանման մեջ Արցախը չի ներառել։ Ավելին, Հռչակագրի ընդունումից հետո ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն չեղարկել է 1989-ի որոշումը։ Այսինքն, ոչ միայն Սահմանադրությունը հղում չի անում դրան, այլև Սահմանադրության ընդունման պահին (1995) այն ուժի մեջ չի էլ եղել։

1989-ի որոշմանը կյանք տալու մեկ դեպք է եղել. երբ Ռոբերտ Քոչարյանին պետք էր զավթել իշխանությունը։ Բայց Ալիևը դա որպես ապացույց չի բերում, որովհետև դա բացառություն էր, որը հաստատում է օրինաչափությունը, այսինքն՝ Քոչարյանի օրինակը ոչ թե վկայում է, որ պետությունը 1989-ի որոշումով է առաջնորդվում, այլ` որ կատարվել է պարզ հանցագործություն։

Հայաստանը երբեք որևէ հարևանի տարածքային պահանջ չի ներկայացրել ո՛չ իրավական փաստաթղթերով, ո՛չ էլ հայտարարությունների մակարդակով։ Սա վերաբերում է նաև Արցախին։ Աշխարհն այն համարում էր և համարում է Ադրբեջանի մաս։ Հայաստանը, ի գիտություն ընդունելով այդ իրողությունը, պնդել է, որ հակամարտության կարգավորման հիմքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը դնելը հանգեցնելու է նոր ցեղասպանության և էթնիկ զտման (ինչը և եղավ, երբ 2022-ի հոկտեմբերին Պրահայում Հայաստանը համաձայնեց կարգավորման հիմքում բացառապես այդ սկզբունքը դնել)։

Հակամարտության լուծումը Հայաստանը տեսել է ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու միջոցով։ Այսինքն, Հայաստանը ոչ թե ընդդիմացել է տարածքային ամբողջականության սկզբունքին ընդհանրապես (դա մարտահրավեր կլիներ աշխարհակարգին), այլ՝ հակամարտության կարգավորման հիմքում այդ սկզբունքը դնելուն։ Եվ սա հասկացողություն է գտել աշխարհում։ Դրա վկայությունն է այն, որ ոչ թե պատժամիջոցներ են սահմանվել, այլ ստեղծվել է հատուկ միջազգային մարմին, որը կոչված էր լուծումներ գտնել։ Ահա, սա թաքցնելու նպատակով են իշխանությունն ու «ընդդիմությունը» միմյանց մեղադրում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Սա երկուստեք ձեռնտու մեղադրանք է, որովհետև աղավաղում է եղելությունն ու թույլ տալիս սեփական շահի ելակետից երկրին հասցված լրջագույն վնասները թաղել դատարկ աղմուկի մեջ։

Ինչո՞ւ երեսուն տարուց ավելի Ադրբեջանը չէր «նկատում», որ ՀՀ Սահմանադրությունը, իբր, տարածքային պահանջ է պարունակում։ Շատ պարզ պատճառով. որովհետև այն նման պահանջ չի պարունակում։

Հարաբերությունների կարգավորումը Սահմանադրությունը փոխելու նվաստատուցիչ պահանջին բերելը հնարավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի անխոհեմ, չմտածված, անպատասխանատու և եսակենտրոն «քաղաքականության» շնորհիվ։ Հայաստանն այսօր ղեկավարում է մարդ, որը սեփական անմտությունը որպես սխալն արդարացնելու հիմնավորում է ներկայացնում։ Մեր երկիրը ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու որևէ հեռանկար չունի, քանի դեռ այս անկայուն, գիտելիքների խիստ պակասով, իրենից բացի ոչինչ չկարևորող անձն է որոշումներ կայացնողը։ Սա է պետության ամենամեծ մարտահրավերն այսօր»։

Նախորդ հոդվածըԵրկու զոհ` ինքնաթիռի վթարի հետևանքով. ՊՆ
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Մեր գործը նրանց զգուշացնելն է. Ալիք Մեդիա