‘«Ռեալն» էլ ընկավ գերմանական տանկի տակ’

1287

Կա՞ր արդյոք մարդ, որը կկանխատեսեր, թե ինչպե՞ս կավարտվեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները: Թերեւս ոչ: Աշխարհի երկու նոմինալ ուժեղագույն թիմերը՝ «Բարսելոնան» եւ «Ռեալը» գերմանական թիմերին պարտվում են 1:8 ընդհանուր հաշվով եւ սա հեքիաթ չէ, այլ իրականություն: Դժվար է հիշել, երբեւիցե եղե՞լ է նման դեպք, որպեսզի կիսաեզրափակիչ հանդիպումերում նման ջախջախիչ հաշիվներ գրանցվեն եւ պարտվեն այդ դիմակայությունների ֆավորիտները:

Դեռ «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը (4:0) կարելի էր բացատրել բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով՝ Մեսին վնասվածքով էր խաղում, մրցավարը, «Բարսայի» կադրային խնդիրներն ու հոգնածությունը, երկրորդ հարկում մյունխենցիների առավելությունը եւ այլն:

Բայց երբ գրեթե նույն հաշվով նաեւ «Բորուսիան» է հաղթում «Ռեալին»՝ 4:1, ընդ որում միակ բաց թողած գնդակը դա ավելի շուտ նվեր էր, ապա այստեղ պատահականության մասին խոսք լինել չի կարող: Դա նշանակում է, որ գերմանական ֆուտբոլը վերջին տարիների ընթացքում նպատակաուղղված, քայլ առ քայլ աշխատանք է տարել իր խաղամակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ դրա պտուղներն արդեն երեւում են: Սա՝ գերմանական ֆուտբոլի տրիումֆն էր եւ շատ հնարավոր է, որ Եվրոպայի ակումբային մրցաշարերում գերմանական ակումբները զբաղեցնեն գերիշխող դիրքեր եւ երկար մնան այդ դիրքերում:

Դեռ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշարում «Բորուսիան» չկարողացավ հաղթահարել նույնիսկ խմբային արգելքը, թեպետ այն այնքան էլ ուժեղ չէր, իսկ այս մրցաշարում դորտմունդցիները պարզապես ֆանտաստիկ են հանդես գալիս: Գրավեցին 1-ին տեղը մահվան խմբում՝ չկրելով ոչ մի պարտություն, թեպետ մրցակիցներն էին «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Այաքսը», իրենց երկրների չեմպիոնները:

Առաջ անցնելով նշենք, որ «Բորուսիան» առայժմ միակ թիմն է, որը ոչ մի պարտություն չի կրել այս մրցաշարում: «Ռեալի» հետ խաղում ֆավորիտ էր այնուամենայնիվ համարվում «Ռեալը», որը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել էր 10-րդ անգամ Չեմպիոնների գավաթը նվաճելու համար:

Սակայն հանդիպումը ցույց տվեց, որ դորտմունդցիներին ոչ միայն չի վախեցնում մրցակցի կարգավիճակը, հնչեղ անունները, մարզիչը, այլ հենց իրենք էին ուժի դիրքերից խաղում: Գերմանական ակումբը ամբողջ խաղի ընթացքում այնպիսի արագ ֆուտբոլ էր ցուցադրում, որին «Ռեալը» պատրաստ չէր: Ինչպես եւ «Բավարիան», «Բորուսիան» էլ ամբողջ հանդիպումն անցկացրեց բարձր տեմպով, արագ, կարճ, արդյունավետ փոխանցումներով: «Ռեալը» չէր սպասում նման հանդուգն խաղաոճի: Ընդհանրապես, իսպանական գրանդները սովոր չեն, երբ մրցակիցները իրենց հետ խաղում են ուժի դիրքերից:

«Բորուսիայի» կիսապաշտպանական օղակը՝ Գյոտցե-Գյունդոգան-Բլաշչկիովսկի եւ իհարկե՝ Ռոյս, պարզապես տեր ու տնօրեն էր դաշտի միջին հատվածում, շատ ավելի ստեղծագործ եւ վստահ, քան մրցակցի կիսապաշտպանները: Նման հզոր քառյակի շնորհիվ, բնականաբար, իրեն շատ ավելի վստահ պիտի զգար օրվա հերոսը՝ Ռոբերտ Լեւանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը փառահեղ հանդիպում անցկացրեց, միգուցե լավագույնը կարիերայում: Դառնալ պոկերի հեղինակ ՉԼ կիսաեզրափակիչում, այն էլ՝ «Ռեալի» հետ խաղում, սա իհարկե՝ ֆանտաստիկ ցուցանիշ է:

Ինչեւէ, եւս մեկ անգամ մնում է ծափահարել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որը մի քանի տարվա ընթացքում այսպիսի թիմ ստեղծեց՝ նրան հաղորդելով գեղեցիկ, կոմբինացիոն, հարձակողական խաղաոճ: Կլոպի մարզչական փիլիսոփայությունը փայլուն արդյունքներ տվեց՝ գերագույն հաճույք պատճառելով ոչ միայն թիմի երկրպագուներին, այլ ընդհանրապես՝ գեղեցիկ ֆուտբոլի սիրահարներին:

«Ռեալն» էլ՝ «Բարսելոնայի» պես, մեկ շաբաթ ժամանակ ունի ուշքի գալու եւ պատասխան հանդիպմանը իրավիճակը շտկելու համար: Բայց ինչ որ հավատը չի գալիս, որ եզրափակիչում՝ «Ուեմբլի» մարզադաշտում, մենք իսպանական թիմ կտեսնենք: Բայց սա ֆուտբոլ է, որտեղ անհավանական բաներ երբեմն տեղի են ունենում, ինչպես այս կիսաեզրափակիչներում, այնպես որ զինվենք համբերությամբ՝ մինչեւ պատասխան հանդիպումները: Իսկ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում 

«Բորուսիա» — «Ռեալ»՝ 4:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 8, 50, 55, 66 (11մ.) – Կրիշտիանու Ռոնալդու, 43

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Ռեալ»՝ մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողին հարվածած իր կուսակցի մասին. «Ղալաթ» է արել. Մամուլ’