‘Ռուբիկ Հակոբյան. Եթե Հայաստանը չգնար եվրաասոցացման ճանապարհով, չէր հայտնվի այստեղ’

936

Այսօր Ազգային ժողովում շարունակվում են Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ քննարկումները: Ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, նախ, ստեղծված իրավիճակը փորձեց բացատրել պարզ օրինակով:

«Յուրաքնաչյուր ընտանիք յուրովի հանդիսանում է պետության միկրոմակետ: Եթե ընտանիքը կազմակերպված չի, եթե ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ, սուբորդինցիան չի պահպանվում, ի՞նչ են մտածում հարեւանները: Հարեւանները մտածում են՝ ինչպե՞ս օգտվեն այդ չկազմակերպված ընտանիքից: Մեկը խնդիր է դնում՝  հասնի մինչեւ խոհանոց, մեկն էլ մտածում է, որ կարող է մտնի ննջարան»:
Պատգամավորը զարմանում է, երբ երկրից դուրս մեղավորներ են փնտրում.
«Ի՞նչ կապ ունի Ամերիկան կամ Ռուսաստանը, որ մենք այս օրի ենք: Քանի դեռ մենք այնքան ուժ չունենք, որ հասկանանք՝ ինչի՞ է մեր պատմությունը այսպես ձեւավորվել, մենք միշտ այս ամբիոնից սկսելու ենք հայհոյել մեր հարեւաններին: Սխալ է դա,- ասաց նա, ապա շարունակեց:-Լավ, մենք ուժ կունենա՞նք հասկանալ, որ մենք ենք այս ամենի մեղավորը:
Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, որ ստվերը ավելի շատ է, քան իրական ֆինանսատնտեսական շարժը, որ մենաշնորհ ենք հաստատել եւ բացարձակապես վերացրել ենք մանր եւ միջին բիզնեսը»:
Իր ելույթում Ռուբիկ Հակոբյանը անդրադարձավ նաեւ եվրաասոցացման անցած ճանապարհին՝ նշելով որ բանակցություններ վարողները, «լուրջ տեսք ընդունելով», բացատրում էին , որ Արցախի անվտանգության հարցը լուծված էր:
«Վստահ եմ, որ երբ պարոն Սարգսյանը մեկնեց Մոսկվա, չգիտեր՝ ինչով է վերադառնալու:
Եվ ես շատ լավ հասկանում եմ, երբ Ռուսաստանի նախագահը ասում է. «Եղբայր, ո՞նց հասկանանք, հայ-թուրքական սահմանին ռուս զինվորն է կանգնած, դու ամբողջությամբ գտնվում ես մեր անվտանգության համակարգում, քո տնտեսությունը իր ռազմավարական նշանակության բազաներով այս տարածության մեջ է, էդ դու ո՞ւր ես գնում»:
«Առավել քան համոզված եմ, որ եթե Հայաստանը չգնար եվրաասոցացման ճանապարհով, չէր հայտնվի այստեղ»,- վստահաբար հայտարարեց  Հակոբյանը:
Վերջում Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ Ժառանգությունը «դեմ» է քվեարկելու:

Նախորդ հոդվածը‘ԵՏՄ պայմանագրին ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը՝ կողմ, «Ժառանգությունը»՝ դեմ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի համակիրին թույլ չեն տվել մտնել Նախագահական նստավայր’