‘Ռուբլու արժեզրկման հետևանքը կլինի մեր քաղաքացիների գնողունակության նվազումը. Վահագն Խաչատրյան’

1288

Երեք ամիս առաջ 1000 ռուսական ռուբլու դիմաց ՀՀ քաղաքացին, որին Ռուսաստանի բարեկամն է օգնում, կարողանում էր 12 հազար դրամ ստանալ: Երկու օր առաջվա դրությամբ ռուսական 1000 ռուբլու դիմաց երեւանյան փոխանակման կետերում տալիս էին ընդամենը 8 հազար դրամ: Խոպանչիների աշխատուժի նման արժեզրկում վաղուց չէր եղել: Երեկ, սակայն, ռուսական ռուբլին փոքր ինչ ամրապնդեց դիրքերը: 1000 ռուբլին մանրում էին 9 հազար 350 դրամով: ԱՄՆ դոլարի փոխարժեքը, որը նոյեմբերի 24-ին վերջին թռիչքն արձանագրեց՝ 435 դրամ, նախորդ օրվա համեմատ կտրուկ աճելով 16.60 դրամով, երեկ փոքր ինչ իջավ: Օրվա կեսին դոլարի փոխարժեքը միջինը 431 դրամ էր: ԿԲ-ի նախօրեին արված հայտարարությունն այն մասին, որ շուկայում ձեւավորված փոխարժեքը «գտնվում է կայունացման տիրույթում», կարծես իրականություն է դառնում: Ռուբլու չնչին արժեւորումը ֆինանսական շուկայի մասնագետները կապում են գազի գնի կայունացման հետ: Երեկ այն կազմեց 80 դոլար՝ բարելի դիմաց:

Որքա՞ն կտեւի այս վիճակը եւ ինչպե՞ս կանդրադառնա ռուսական ռուբլու կոլապսը մեր հայրենակիցների գրպանի վրա: Հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ: Հատված հարցազրույցից.

Ռուսական ռուբլին կայունացավ: Երեկ 1 ռուբլին 9,35 դրամ էր: Որքանո՞վ է ամուր այս միտումը:

— Դա շատ պայմանական կայունություն է: Հիշեք, թե որտեղից ենք հասել Ձեր ասած նիշին: Հետո, սա վերջնական չէ, նրանց տնտեսության խնդիրը կախված է նավթի գներից: Ամեն 10 դոլարով 1 բարելի գինն իջեցնելիս 4 ռուբլու արժեզրկում է:

Ի՞նչ հետեւանքներ կունենա ռուսական ռուբլու արժեզրկումը մեր քաղաքացիների համար, ովքեր ռուսական փողով են ապրում:

— Դրա հետեւանքը կլինի մեր քաղաքացիների գնողունակության նվազումը: Այն տրանսֆերտների ակնկալիքը, որ կար այս պահին, եւ որը մտել էր 2014 թվականի կառավարության կանխատեսումների մեջ, իրականություն չի դառնա: Բացասական ֆոնը շատ մեծ է: Դրան ավելանում է Ռուսաստանի տնտեսության վիճակը, որովհետեւ այն կանխատեսվող աճը, որի մասին խոսում էին այս տարվա սկզբից՝ 1,5-2-2,5 տոկոս, հետո արդեն 1 տոկոս, հիմա իջնում է 0,8, 05 տոկոսի: Սա նույնպես խոսում է այն մասին, որ ճահճային վիճակում է հայտնվում ռուսական տնտեսությունը: Սա մեր վրա բացասական կազդի, որովհետեւ տնտեսական առումով մեր կախվածությունը Ռուսաստանից մեծ է, եւ երկրորդ՝ ՌԴ ֆինանսական շուկայում պրոբլեմներ են առաջացել, իսկ մեզ մոտ ռուսական ներկայացվածությունը մեծ է, հանձին երկու խոշոր բանկերի՝ ՎՏԲ-ի եւ «Գազպրոմբանկ»՝ «Առեքսիմբանկի» միջոցով:

Հիմա խոպանչիները վերադարձել են եւ, մանրելով ռուսականը, տեսնում են, որ էժանացել է իրենց աշխատուժը: Հնարավո՞ր է, որ սրա արդյունքում արտագաղթը գոնե մի քիչ նվազի: 

— Այստեղ էլ առաջարկ չկա: Հայաստանում դրանից ավելի շատ աշխատելու հնարավորություն չկա: Եթե այստեղ աշխատատեղեր լինեին, կարծում եմ, որ այս գործոնը դրական կազդեր: Բայց մեր տնտեսությունն այն վիճակում չէ, որ լրացուցիչ աշխատատեղերի կարիք ունենա: Մեր ներքին ռեսուրսների չօգտագործված մեծ տոկոս կա՝ 30-35 տոկոսի գործազրկություն, ոչ պաշտոնական տվյալներով: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքական կյանքում փոփոխություն լինի: Որովհետեւ մեզ մոտ բոլոր հարցերի լուծումը տեղափոխված է քաղաքական դաշտ: Քաղաքական գործոնն էլ նշանակում է իշխանության փոփոխություն: Այս տիպի իշխանությունը մարդկանց վերադառնալու հնարավորություն չի տալիս:

Նախորդ հոդվածը‘Սիեռա-Լեոնեի գերեզմանափորները Էբոլայի զոհերի դիակները նետել են փողոց’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վտանգված ինքնիշխանություն. հայաստանակենտրոն հայացք’