‘Ռուբլու արժեզրկումը դանդաղեցրել է Հայաստան եկող դրամական փոխանցումների աճի տեմպը’

1156

Հայաստանում  տնային տնտեսությունների շուրջ 16 տոկոսը դրամական փոխանցումներ է ստանում արտերկրից: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Համաձայն ԿԲ տվյալների` 2008 թվականից սկսած  ինչպես քաղաքաբնակ, այնպես էլ գյուղաբնակ տնային տնտեսությունների ամսական դրամական եկամուտներում մշտապես աճել է  մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը և ներկայումս տնային տնտեսությունների մեկ շնչի  հաշվով կազմում է շուրջ 9 տոկոս:

ՀՀ ֆինանսական կայունության տեսանկյունից  արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի  դրամական փոխանցումները  կարևոր նշանակություն ունեն: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ դրամական միջոցներն անմիջական ազդեցություն ունեն առանձին տնային տնտեսությունների կենսամակարդակի, ծախսումների, վարկունակության վրա, հետևաբար  նաև մակրոտնտեսական և ֆինանսական կայունության վրա:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումներ/ ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 0.4 տոկոսային կետով և կազմել 16.8 տոկոս` պայմանավորված դրամական փոխանցումների ցածր  աճի տեմպով: Այսպես, արտագնա աշխատողների վարձատրությունը և անձնական ընթացիկ տրանսֆերտներն աճել են ընդամենը 7.4 տոկոսով` նախորդ տարվա 14.8 տոկոսի փոխարեն:

Դանդաղ տեմպով է աճել նաև բանկային համակարգի միջոցով  ֆիզիկական անձանց փոխանցվող ոչ առևտրային զուտ դրամական միջոցների ներհոսքը: 2014 թ. առաջին կիսամյակում աճը  կազմել է  3.1 տոկոս, 2013 թ. առաջին կիսամյակում`  10.5 տոկոս:

Վերոնշյալ ցուցանիշների աճի տեմպերի դանդաղումը գլխավորապես պայմանավորված է ՌԴ-ից ստացվող փոխանցումների  աճի տեմպի նվազմամբ, ինչի հիմնական պատճառներն են 2014թ. առաջին կիսամյակում շինարարության ճյուղի 2.6 տոկոս անկումը և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու 11.3 տոկոս արժեզրկումը: Չնայած որոշակի նվազմանը` ՌԴ-ից ներհոսող  փոխանցումների մասնաբաժինն ընդհանուր փոխանցումներում  շարունակում է մնալ բավականաչափ բարձր (81.2 տոկոս), ինչն էլ իր  հերթին մեծացնում է ՀՀ տնտեսական խոցելիությունը ՌԴ ոչ առևտրային բնույթի փոխանցումներից:

Հաշվի առնելով ՌԴ տնտեսության վերաբերյալ միջազգային  կառույցների գնահատումները` Հայաստանի  կենտրոնական բանկը 2014 թ. ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճի տեմպի կանխատեսվող մեծությունը վերանայել է նվազման ուղղությամբ  և գնահատել 1.0-3.0 տոկոս միջակայքում: Այսպիսով, ֆինանսական կայունության տեսանկյունից, թեև  դիտարկվող ժամանակահատվածում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճը նպաստել է տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերի նվազմանը, սակայն հետագայում փոխանցումների աճի տեմպի դանդաղման պահպանումը  կարող է նպաստել այդ հատվածից բխող ռիսկերի աճին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Հակոբ Ինջիղուլյանը վերադառնում է ծառայության Հայաստանի զինված ուժերում’