Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում

597

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին՝ «Կիևի ռեժիմի կողմից ծաղրուծանակի, ցեղասպանության ենթարկվող» մարդկանց պաշտպանելու նպատակով, ասել է նա։ Ռուսաստանը կաշխատի «ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան»։

Ուկրաինան հայտարարել է, որ դա «նվաճողական պատերազմ» է։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն Ռուսաստանի գործողությունները բնորոշել են որպես հարձակում Ուկրաինայի վրա։

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5․30-ին ռուսաստանյան հեռուստաալիքները հեռարձակել են Պուտինի ուղերձը։ Նա հայտնել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել, քանի որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները օգնություն են խնդրել։

«Ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին,- հայտարարել է Պուտինը տեսաուղերձում։- Դրա նպատակն է պաշտպանել այն մարդկանց, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության՝ կիևյան ռեժիմի կողմից։ Ուստի մենք կաշխատենք ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան։ Նաև դատի կտանք բոլորին, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»։

Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել ուկրաինական տարածքները։ Նա դիմել է նաև Ուկրաինայի քաղաքացիներին։ «Այսօրվա իրադարձությունները կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։ Մեր գործողությունները ինքնապաշտպանություն են մեր դեմ ստեղծվող սպառնալիքներից։ Որքան էլ դժվար լինի, կոչ եմ անում հասկանալ դա»։

Պուտինը ուկրաինացի զինվորներին կոչ է արել վայր դնել զենքը։ «Հարգելի ընկերներ, ձեր պապերը դրա համար չեն մարտնչել նացիստների դեմ, որ այսօրվա նեոնացիստները զավթեն իշխանությունն Ուկրաինայում։ Կոչ եմ անում անհապաղ վայր դնել զենքերը և գնալ տուն։ Բոլոր նրանք, ովքեր կկատարեն այս պահանջը, կարող են անարգել վերադառնալ տուն, իրենց ընտանիքների մոտ»։

Պուտինի հեռուստաուղերձը տևել է 27 րոպե։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Տոտենհեմի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿուլեբա․ «Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ»