‘Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների ներմուծման հարցը մնում է բաց. «Ժողովուրդ»’

1171

Մինչ Հայաստանն ինքնամոռաց նետվում է ԵՏՄ գիրկը, որի հետ ընդհանուր սահման չունի, և որի հետ հաղորդակցությունը կատարվելու է բացառապես Վրաստանի տարածքով, հերթական անգամ սրվում են Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, և, որ ուշագրավ է, հերթական անգամ խաղարկվում է աբխազական երկաթուղու թեման, գրում է «Ժողովուրդը»:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները դեռևս Բիձինա Իվանիշվիլիի` Վրաստանի վարչապետի կարգավիճակում 2013 թ. հունվարին Երևան կատարած այցից հետո ոգևորությամբ նշում էին, որ աբխազական երկաթուղու գործարկման համար ռեալ նախադրյալներ կան` հիմնվելով նույն Իվանիշվիլու տված խոստումների վրա: Բայց ինչպես տեսանք՝ այդ նախադրյալները Իվանիշվիլու «բարի ցանկությունից» այն կողմ չանցան: Իսկ արդեն նախօրեին Սոչիում Աբխազիայի նախագահի հետ դաշնակցության և ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո Վլադիմիր Պուտինի կողմից Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղու գործարկման հնարավորության մասին հայտարարությանը հետևած վրացական կողմի արձագանքը ցույց տվեց, որ այդ հարցի լուծումը դեռևս շատ մեծ սարերի հետևում է:

Սա նշանակում է, որ ինչքան էլ իշխանական տնտեսագետներն ու տարատեսակ փորձագետները պնդեն, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսությունը մեծ քայլերով առաջ կգնա, ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ շատ պարզ` էժան տրանսպորտային հաղորդակցուղու բացակայության պատճառով:

Իսկ անցած շաբաթ էլ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարվեց, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Իրանից դեպի Ադրբեջան, ապա դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել` այդ նպատակով ծախսելով 200 միլիոն դոլար: Սա ցույց է տալիս,որ Ռուսաստանը չի պատրաստվում աբխազական երկաթուղու վերագործարկման համար որևէ զիջման գնալ Վրաստանին՝ դրա փոխարեն գերադասելով ձեռնամուխ լինել նոր` Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը: Եվ այստեղ, ինչպես միշտ, ռուսներին առանձնապես չի հուզում այն, որ անտեսվում են Հայաստանի շահերը, և խափանվում է ՀՀ տնտեսական մեկուսացումը թեթևացնելու ամենամեծ հնարավորությունը: Ռուսներին Հայաստանը պետք է որպես տարածք` ֆորպոստ, և ՀՀ տնտեսության զարգացվածության աստիճանն էլ բավարար է պահել այն մակարդակում, որ մենք կարողանանք մեր պետական բյուջեի հաշվին պահել ռուսական ռազմաբազան` հոգալով դրա ծախսերը:

Դեռ լավ  է, որ Վրաստանում մենք ունենք Ջավախք, որի գործոնը օգտագործելով` պարբերաբար կարողանում ենք հարևան Վրաստանից ինչ-ինչ զիջումներ կորզել, այդ թվում և` ազատ առևտրի առկա ռեժիմի շարունակություն` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

Իսկ թե ինչ ռեժիմով և ինչպես է իրականացվելու ԵՏՄ անդամ երկրներից և հատկապես՝ Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների ներմուծումը, այդ հարցը դեռևս մնում է բաց:

Նախորդ հոդվածը‘ Ագուերոն հաղթանակ է պարգևում «Մանչեսթր Սիթիին» (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ’