‘Ռուսաստանում «հարբած երեխայի» գործով մեղադրյալը 3 տարի է ստացել’

1904

Մերձմոսկովյան քաղաքի բնակիչ Օլգա Ալիսովան վեցամյա Ռոման Շիմկոյին վրաերթի ենթարկելով մահվան հասցնելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:

Դատավորը վճռում նշել է, որ Ալիսովան ցուցաբերել է հանցավոր անփութություն՝ երեխային վրաերթի ենթարկելով տան բակում՝ 20 կմ/ժ արագության տակ: Բացի ազատազրկումից, Ալիսովային պարտավորեցրել են զոհվածի հարազատներին շուրջ 42 000 դոլարին համարժեք ռուբլի փոխհատուցել:

Որպես «Հարբած երեխայի» գործ հայտնի դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին՝ մեքենան վարող եւ միաժամանակ հեռախոսով խոսող կինը հարվածել է երեխային, որը տեղում մահացել է: Երեխայի հայրը օրեր շարունակ փորձել է համոզել իրավապահներին դեպքով քրեական գործ հարուցել: Դատաբժշկական առաջին եզրակացության արդյունքներով, երեխան հարվածի պահին ալկոհոլային խիստ հարբածության վիճակում է գտնվել: Նրա արյան մեջ, իբր, հայտնաբերվել է 2,7 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է չափահաս մարդու՝ մեկ շիշ օղի խմելուց հետո առկա վիճակին:

Ավելի ուշ պարզվել է, որ դատաբժիշկը կեղծել է արդյունքները, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:  

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումներն զգացվել են Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Նոր երկրանման մոլորակ՝ 11 լուսատարի հեռավորության վրա’