‘Ռուսաստանցի հայազգի դիվանագետն ընտրվել է Հաագայի Միջազգային դատարանի անդամ’

1243

Ռուսաստանցի դիվանագետ Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի Միջազգային դատարանի (ՄԴ) անդամ՝ 2015-2023 թթ.: Գաղտնի քվեարկության ընթացքում, որն անցկացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում, նա ստացել է անհրաժեշտ ձայների մեծամասնությունը: ՌԴ ներկայացուցչի թեկնածությունը միաձայն պաշտպանել են բոլոր 15 անդամ պետությունները:

Ընդհանուր առմամբ՝ քվեարկության է դրվել փետրվարից դատարանում ազատվող հինգ տեղ, որին հավակնում էին ութ երկրների ներկայացուցիչներ: Մի քանի փուլերի արդյունքում Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պատվիրակները կարողացել են հաստատել չորս հոգու թեկնածություն. բացի Գևորգյանից՝ դրանք են՝ Ջեյմս Ռիչարդ Քրոուֆորդը (Ավստրալիա), Մոհամեդ Բեննունան (Մարոկկո) և Ջոան Է. Դոնոհյուն (ԱՄՆ): Մարոկացին և ամերիկուհին ՄԴ անդամ են ընտրվել երկրորդ ժամկետով: Կիրիլ Գևորգյանը կփոխարինի Լեոնիդ Սկոնտինովին, որը դատարանում ներկայացնում էր Ռուսատանը 2006 թ. փետրվարի 3-ից:

61-ամյա Կիրիլ Գևորգյանը ներկայում զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ-ի իրավական վարչության տնօրենի պաշտոնը: 2012 թվականից ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ է, 2011-ից՝ Հաագայի միջնորդական դատարանի մշտական պալատի անդամ: 1997-2003 թթ. Գևորգյանը եղել է Ռուսաստանի դեսպանը Նիդեռլանդներում և Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կից՝ մշտական ներկայացուցիչը:

Տարբեր տարիներին Գևորգյանը աշխատել է ՌԴ դեսանատանը Ֆրանսիայում, եղել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային-իրավական բաժնի վարիչը, ներկայացրել է ՌԴ-ն՝2008 թ. հակամարտությունից հետո ՄԴ-ում Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցերը, ինչպես նաև՝ Կոսովոյի հարցը քննելիս: Փոխանցում է ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում գրիվնայի պաշտոնական փոխարժեքը պատմական նոր նվազագույնի է հասել’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է «Դյունա» խմբի նախկին անդամ Լեոնիդ Պետրենկոն’