‘Սամվել Թեյմուրազյան. Քանի՞ գոնգի հարված պիտի հնչի, որ վերադառնանք իրականություն’

2766

Զեն բուդդիզմի դասախոսս ժամանակին մտավ լսարան՝ գոնգը ձեռքին: Կանգնեց մի պահ, ուսումնասիրեց ուսանողների դեմքերը, հետո դարձավ ու` շրը՛խկ: Ուժեղ զրնգոցից վեր թռանք, իսկ ինքը թե բա՝ այ հիմա էստեղ եք, սկսենք մեր դասը:

Չինաստանում ու Ճապոնիայում լայն տարածում ունեցող Մահայանա բուդդիզմի ենթաճյուղերից մեկը՝ Զեն բուդդայականությունը, մեծ ազդեցություն է ունեցել ճապոնական մշակույթի ու արվեստի ձևավորվման վրա:

Զենը չինարեն «չան» բառի ճապոնականացված արտասանությունն է: «Չանը», իր հերթին` սանսկրիտի «դհյանա» կամ «յանա» բառի չինարեն արտասանությունն է: Յանա-ն թարգմանել սանսկրիտից որևէ այլ լեզու գրեթե անհնար է, որովհետև այն ունի անսահման ավելի մեծ նշանակություն, քան կարող է արտահայտել մեկ կամ թեկուզ մի քանի բառերով արտահայտված թարգմանությունը: Հիմնականում թարգմանում են որպես «մեդիտացիա», որն ասոցացվում է որոշակի պոզայով լուռ, պասիվ ու մտքերից զուրկ նստելու հետ: Բայց սա որևէ կապ չունի զեն բուդդայականության հետ, քանի որ վերջինս միանգամայն հակառակն է իր էությամբ՝ ակտիվ է, ամենաակտիվն է:

Զենը սովորեցնում է լինել իրականության, ռեալի, կարևորի մեջ ամե՛ն վայրկյան: Իսկ իրականությունը, ըստ զենի` այս րոպեն է, այս վայրկյանը, հիման: Ամենատարրական բանը անելիս նույնիսկ, օրինակ` աթոռին նստելիս, պետք է դա անել ուշադիր, բոլոր նյարդերով ու ուղեղի բոլոր ծալքերով կենտրոնացած նստելու բարդ գործի վրա: Չմտածել բակի Վերգուշենց խանութում նիսյայով վերցրած ապրանքների դիմաց կուտակված պարտքի չափի մասին, չմտածել՝ տեսնես էսօր անձրև կգա, թե՝ չէ, այլ էդ պահին լինել էդ սենյակում ու ֆիքսվել միայն նստելու բարդ գործի վրա, որից անմիջապես հետո կենտրոնանալ արդեն ա՛յդ վայրկյանին կատարելու անհրաժեշտ գործի վրա:

Զեն փիլիսոփայությունը անցյալը չի ճանաչում: Կա միայն հիման: Ներկա պահին առկա իրերն ու իրադարձությունները չեն բացատրվում անցյալով: Դրանք բացատրվում են այն ամենով, ինչ կատարվում է հիմա՛: Հենց այդ պահին ու այդտեղ էլ ստեղծվում է անցյալը, և այն էլի սկսվում է, տեղի է ունենում հիմա՛, այս րոպեին: Մնացած ամեն ինչը համարվում է կեղծ, իլյուզիա ու շեղում իրականությունից:

Մարդիկ իրենց կյանքի մեծագույն հատվածի ընթացքում այս իրականության մեջ չեն, թեև հաճախ լինում են պոռթկումներ, որոնք, որպես կանոն` լինում են շոկային իրավիճակներում, որևէ աղետի արդյունքում, և տևում են շատ կարճ, որից հետո նորից ամենքը վերադառնում են նույն քնին: Այն, ինչը զեն բուդդիզմը համարում է իրականություն, իրակա՛ն իրականություն, մարդկության ճնշող մեծամասնության կողմից համարվում է ուղղակի արտակարգ պատահար, շոկային իրավիճակ:

1999թ-ին Թուրքիայում Իզմիթի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանը փրկարարներ ուղարկեց: Օգնություն ուղարկեցինք նաև մի քանի տարի առաջ Վանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Զենի պատկերացրած իրականությունը դա էր. էն կարճ ժամանակը, երբ ոչ մի հայ չասաց՝ «բա լավ է՞ր, որ իրանք մեզ մորթեցին 15թ-ին», կամ «չէ՞ որ թուրքը մնում է թուրք» և այլն: Դա էն կարճ շոկային պահն էր, երբ թե՛ մենք, թե՛ թուրքերը, ապրեցինք իրականության, ռեալի, կարևորի, հիմայի մեջ: Էդ պահին կարևորը, հրատապը, իրականը ու ռացիոնալը օգնելն էր: Նրանց կողմից էլ նույնը դա ընդունելն էր: Ոչ մի այլ երկրորդական հարցի վրա ոչ ոք չկենտրոնացավ: Էս ամենից հետո, իհարկե, նորից բոլորս շարունակեցինք մեր մշտական քունը՝ կրկին շարունակեցինք մեր ավանդական հայհոյախոսությունները:

Հայաստանը լքում են հարյուր հազարներով: Մեր երկիրը բառացիորեն դատարկվում է: Մեր իշխանության ընդհանուր կարողությունը մեր երկրի բյուջեն մի քանի անգամ գերազանցում է: Մեր երկրի պարտքը մեր բյուջեն գերազանցում է մի քանի անգամ: Մեր իշխանությունը մարդասպաններին պաշտոնների է նշանակում: Մեր իշխանությունը ինքը ցուցարարներ սպանելով է ամրացել մեր երկրում: Տնտեսական մենաշնորհները խեղդում են բոլորիս, կուտակայինը, առևտրականների մասին օրենքը, տաքսիստների հարց, կարմիր գծեր…վերջ չկա:

Ափսոս է մեր պետությունը: Պետություն ունենալը էնպիսի մի հարստություն է, որը, թվում է, սովետական բռնապետության հիշողությունը թարմ պահող մեր ժողովուրդը հատկապես ավելի լավ պիտի հասկանար: Քանի՞ գոնգի հարված պիտի հնչի, որ վերադառնանք իրականություն, վերադառնանք այս րոպեն, հիմա, ու լուծենք այս պահի հարցը:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին է պետք գնալ: Գնալ ու պահանջել էլի՛ հանրահավաք, նստացույց, երթ՝ իշխանափոխության պահանջով: Մեր երկրի քուչիխուժանական ռեժիմի դեմ ձևավորվող դիմադրություն է նշմարվում: Օգնել է պետք, վերադառնալ է պետք իրականություն՝ հիմա՛, այս պահը: Էս պահին լուծելիք միակ գերխնդիրը դա է: Դա անենք, հետո նորից անցնենք իրար կոկորդ կրծելուն՝ սովորական քնին: Դրանից հետո նոր կհիշենք՝ ով էր տհաս, ով էր եզի ցավ, ով էր դավաճան ու եսիմինչ: Սրանցից ազատվել է պետք: Մենք թուրքերին ենք օգնել: Ինչի՞ ինքներս մեզ չօգնենք: Ախր մենք պետություն ունենք: Ափսոս է մեր պետությունը:

Աղբյուր՝ Սամվել Թեյմուրազյանի գրառումը Ֆեյսբուքում

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Որ չդառնաս հավայի քոլ». քաղաքական պահը և կողմնորոշման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի երդմնակալությունը՝ «նիսյայով». «ՉԻ»’