‘ՍԴ-ն արձանագրել է, որ մաքսայինը զբաղված է թալանով ‘

2269

Մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը: Նման որոշում է կայացրել դեկտեմբերի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանը: Այս մասին գրում է news.am-ը:

Նշենք, որ սույն թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը: Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը, փաստացի՝ դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում, պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն եւ/կամ որոշում, եւ անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից՝ պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը եւ/կամ որոշումը: Միաժամանակ դատարանը արձանագրել է նաեւ, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը, բոլոր դեպքերում,պետք է լինեն բողոքարկելի: Սահմանադրական դատարանը որոշել է նաեւ, որ մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը:

Նշենք, որ ՍԴ էր դիմել քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը և ՍԴ-ն խնդրել էր որոշել արդյող ՀՀ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը և 96-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՍԴ-ի որոշել է կարճել Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի մասով կարճել, իսկ 96-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի մասով որոշել է, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը որոշման մեջ ՍԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Այսպիսով՝ ՍԴ-ն փաստորեն արձանագրել է, որ Մաքսային ծառայությունը տարիներ շարունակ զբաղված է ապօրինություններով և «ապրանքի մաքսային արժեքի որոշման` հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը, փաստացի դարձրել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական»:

Այս ապօրինությունների շրջանակներում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով «թալանվել են» և վերջիններից գանձվել են ավելորդ մաքսային վճարներ, իսկ անկախ փորձագետների գնահատականով նաև տասյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառքներ:

Նախորդ հոդվածը‘Ողջ աշխարհում մարդկային տառապանքի տեսարաններում հույս է ծնվում` շնորհիվ կամավորների. ՄԱԿ գլխավոր քարտուղար’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. ԵՏՄ-ի շուրջ քվեարկությունը. քաղաքական կինոն’