‘Սերգո Տոնոյան․ «Թալանը շարունակվում է»’

4324

Իշխանությունը տարիներ շարունակ ամենատարբեր միջոցներով թալանում է սեփական երկիրը։ Ասել, որ դա այդպես չէ, առնվազն, անմտություն է։ Սա անգամ հավելյալ ապացուցման կարիք չունեցող փաստ է։ Իսկ պետական բյուջեի տասնամյակների անխնա մսխումը, որ պրոֆեսիոնալ կերպով իրականացնում է այս իշխանությունը, բավարար է հասկանալու համար, թե ինչքան է պետությունը թուլացել։ Հատկապես, որ թալանին զուգահեռ՝ պետությունը չի զարգացել, քաղաքացիների մեծ մասի կենսամակարդակը չի աճել։ Այսինքն, որքան թալանել են, այդքան պետությունը նահանջել է։ Մնացած բոլոր սակավաթիվ հաջողած ծրագրերը չնչին ձեռքբերումներ են, որոնց հետ, մեծ հաշվով, իշխանությունը կապ չունի։

Հիմա, երբ հայտնվում են մարդիկ, որ անթաքույց սատարելով իշխանություններին և, ոչ ավել, ոչ պակաս՝ պահանջում հանրությունից (չխաբվե՜ք, դա պահանջ է, եւ ոչ թե խնդրանք) հավելյալ միջոցներ տրամադրել, օրինակ՝ բանակում առկա որոշ խնդիրների լուծման համար, բնականաբար՝ շեշտը դնելով ռազմահայրենասիրության վրա, հասկանալի է դառնում, որ պետությունն այնքան է թուլացել, իսկ թալանի հնարավորությունների շրջանակն էլ նեղացել է, որ հարկ է դիմելու նման կեղտոտ մեթոդիկայի։

Իրենց պետականամետ հորջորջացող խմբակները չեն էլ գիտակցում, թե իրականում ինչպիսի ստոր նպատակի են ծառայում։ Եթե պետությունը այլեւս հնարավորություն չունի վերանորոգելու ճանապարհները կամ կահավորելու զորամասերը, եւ այս մարդկանց միջոցով իշխանությունը դիմում է հանրության օգնությանը, նշանակում է, որ պետության թուլացումը հասել է անթույլատրելի սահմանի, իսկ իշխանությունը, ցավոք,  չի հրաժարվել թալանի իր աղետաբեր քաղաքականությունից։ Ե՛ւ պետական բյուջեի, ե՛ւ Հայաստանին ծանր գնով տրվող միջազգային վարկերի կառավարումը իշխանության պատասխանատվության տակ է, եւ եթե չլինի այդ միջոցների թալանը, չլինի մոնոպոլիզացված տնտեսությունը, մարդկանց որոշակի խմբակներ զորամասերի լվացքի մեքենա գնելու մուրացկանությամբ չեն զբաղվի։

Հերիք չէր, որ Հայաստանը էապես թուլացել է իշխանությունների վարած հայտնի արտաքին քաղաքականության արդյունքում՝ դուրս մնալով տարածաշրջանային խոշոր ծրագրերից, հերիք չէր՝ «գույք պարտքի դիմաց» ստրատեգիական սխալ քաղաքականությունը, իշխանության ներկայացուցիչների եւ նրանց մերձավորների այսքան տարիների յուրացումներն էլ հերիք չէին, հիմա էլ հանրությանը բախտ է վիճարկվել դիմակայելու թալանի այս նոր, քողարկված մարտավարությանը։ «Ազգ-բանակ» ստեղծելու արկածախնդրությունը, փաստորեն, ազգից բանակի համար մե՛կ 1000-ական դրամ, մե՛կ լվացքի մեքենայի փող պոկելու խղճուկ ծրագիր է։

Ուժեղ, զարգացող պետության ներսում նման երեւույթ չէր լինի, իսկ լինելու պարագայում՝ այն կդրսեւորվեր բացառապես բարեգործության տեսքով, այսինքն՝ քաղաքացիները հոժարակամության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրաբար կկատարեին իրենց նվիրատվությունները։ Եւ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ բազմաթիվ նման բարեգործական ծրագրեր են իրականացվել՝ մեծապես օժանդակելով տարբեր ոլորտների զարգացմանը։ Սակայն այս հարցում էլ իշխանությունները ապաշնորհ են եղել, եւ թալանելու իրենց անհագ ձգտումով ժամանակի ընթացքում վանել են շատուշատ բարերարների, ինչը նույնպես թուլացրել է պետությունը։ Իրական բարեգործությունը գովազդի կարիք չպետք է ունենա, քարոզչությամբ, ռազմահայրենասիրական պոռթկումներով չպետք է աչքի ընկնի։ Այդպիսի նախաձեռնությունները կոչված պետք է լինեն ծառայելու բուն նպատակին, եւ ոչ թե դառնան բարոյախրատական բանավեճի առարկա։

Իշխանությունն այս ամենը լավ է հասկանում, գիտի նաեւ, որ թալանի իր գիշատիչ քաղաքականությունից հրաժարվելու կամք եւ մտադրություն չունի, եւ բոլորիցս լավ պատկերացնելով պետության թուլության աստիճանը՝ երես չունի անկեղծորեն դիմելու հանրության օգնությանը։ Հետեւաբար՝ ստիպված է շարունակել թալանը՝ այս անգամ էլ ազդելով ժողովրդի զգայուն տրամադրությունների վրա, քողարկելով այս գործը բանակի կարիքները հոգալու կեղծ նպատակներով։ Ինչու կե՞ղծ.  որովհետեւ իրական նպատակը ոչ թե բանակի կարիքները հոգալն է, այլ այդ գործը գլուխ բերելու եղանակը։ Իրենք իրենց գրպանները պետության, հետեւաբար՝ բանակի փողերով լցրած լինելով հանդերձ, ինչպես ասում են՝ ձեռքը գրպանը չեն տանում, փոխարենը՝ խղճահարություն առաջացնելու խորամանկ ձեւով այս գումարն էլ են փորձում կորզել ժողովրդից։ Հերիք չէր՝ թալանչի էին, մի հատ էլ՝ ագահ եւ կծծի (ժլատ, ագահ բառերի այլ հոմանիշները տե՛՝ս բառարանում)։

Նախորդ հոդվածը‘Լավրով. ԵՄ-ն ընդլայնում է իր ազդեցությունը՝ վերջնագրեր ներկայացնելով’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Դաղստանում՝ եկեղեցու մոտ’