‘Սերգո Տոնոյան. «Հարց լուծողները»’

3977

Հայության շրջանում քիչ չեն այն մարդիկ, որ ղարաբաղյան հակամարտությունը «ցանկանում են լուծել» հօգուտ Արցախի անկախության ճանաչման։ Ի թիվս բազմաթիվ մարդկանց՝ կան այնպիսի հեղինակավոր անուններ, որոնց՝ պետությանը մատուցած ծառայությունները պարզապես անքննելի են։ Այդպիսիք եղել են եւ կան ոչ միայն քաղգործիչների շարքերում, այլեւ բոլոր բնագավառներում՝ գյուղացուց մինչեւ գիտնական, արհեստավորից՝ մտավորական։

Վերը հատուկ շեշտում ենք «ցանկանալ լուծել» եզրույթը, ինչը լավագույնս է բնորոշում խնդրո առարկան։ Միանգամից նշենք, որ խոսքը, բնականաբար, սովորական ցանկությունների մասին չէ, որ կարող է ունենալ եւ՜ որոշակի պարտավորվածություններ ստանձնած քաղաքական գործիչը, եւ՜ իր մտքերն ու ցանկությունները լիովին ազատ արտահայտող որեւէ քաղաքացի։ Խոսքը պետության առջեւ իր պարտքը գիտակցող պետական, քաղաքական գործիչների մասին է, որոնց պարագայում «ցանկանալ լուծելը» հավասար է «ի զորու լինել լուծել այնպես, ինչպես ցանկանում է» իմաստաբանությանը։ Այսինքն, պետք է լինի ոչ միայն սոսկ ցանկություն, որ, ինչպես նշեցինք՝ ունեն շատերը, այլեւ հնարավորություն, տեսլական՝ ինչպես այդ ցանկալին իրագործել։

Երբեմն, սակայն, մոռացության են մատնվում նրանք, որոնց ոչ միայն հնարավորությունները, այլ նաեւ ցանկություններն են, մեղմ ասած՝ հակասել կամ հակասում Հայասատանի եւ Արցախի պետական, ազգային շահերին։ Այսինքն, եղել են այնպիսիք, որ փորձել են հարցը լուծել մեզ համար բացահայտ աննպաստ պայմաններով։ Հիշու՞մ եք Վարդան Օսկանյանին, որն իր՝ «Անկախության ճանապարհով. փոքր երկրների մեծ մարտահրավերները» գրքում «հերոսաբար» գրում է (նույնի մասին՝ տե՛ս Սիվիլնեթին տված հարցազրույցում), թե ինչպես է 1998 թ․ հունվարի 8-ի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հակաճառել Նախագահ Տեր-Պետրոսյանին՝ նշելով, որ «հնարավոր է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»։ Այն, ինչ ասել էր Օսկանյանը, հարցի մի կողմն է, իսկ մյուսը՝ դրան հաջորդած 10 տարիներն են, երբ վերջինս զբաղեցրել էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը եւ ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին։ Դատելով այն տարբերակներից, որոնց մշակմանը մասնակից է եղել վաստակաշատ դիվանագետը, վստահաբար կարելի է արձանագրել, որ վերջինիս ցանկություններն ու հնարավորությունները հեռու են եղել իրարից։ Ի՞նչ է նշանակում՝ պնդել Արցախի անկախության հարցը, իսկ մեկ տարի հետո համաձայնել «Ընդհանուր պետության» գաղափարին։ Էլ ավելի դժվար է հասկանալ Օսկանյանի «բոսսին»՝ Քոչարյանին, որը Արցախի անկախությունը իրատեսական էր համարել՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելու գնով։

Չկասկածելով այս եւ այլ պարոնների ցանկությունների անկեղծությանը՝ նկատենք, որ ավարտվեց այս ամենն, ի վերջո՝ Մադրիդյան սկզբունքներով։ Հետեւաբար, արձանագրենք, որ «ցանկացել էր լուծել»՝ այսպես կամ այնպես, չի նշանակում, որ կարող էր, կամ դա հնարավոր էր՝ առհասարակ։ Սա հարկավոր է հասկանալ, առաջին հերթին՝ ոչ թե անցյալի հետ հաշիվներ պարզելու, այլ ներկայիս գործընթացը իրատեսական գնահատելու նպատակով։

Հիմա էլ, երբ ակներեւ է աննախադեպ արտաքին ճնշումը, երբ կրկին ի հայտ են գալիս հարցը «լուծել ցանկացողները», որոնց հնարավորությունները սահմանված են միայն իրենց ցանկություններով, առնվազն նախորդ «քաջնազարների» ձախորդությունները հիշեցնելը դառնում է տհաճ անհրաժեշտություն։

Եւ վերջում պետք է նորից կրկնել, որ նույնիսկ ամենաապաշնորհ իշխանությունը, հնարավորության դեպքում, հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես՝ հօգուտ Արցախի լիակատար ազատության եւ անկախության։ Խելապակաս է պետք լինել՝ այդպիսի հնարավորությունը բաց թողնելու համար, եւ անպատասխանատու (եթե ոչ՝ դավաճան)՝ ցանկանալու կամ հնարավոր համարելու հարցի լուծման այն տարբերակները, որոնց կիրառումն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նշված օրինակը (Մեղրիի տարբերակ)  կամ դեռեւս չհրապարակված Քի-Ուեսթյան ծրագիրը հուշում են, որ նման կերպ հարցը լուծել ցանկացողներ, ցավոք, եղել են։

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և ԱՄՆ-ը փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գյումրի քաղաքում’