‘Սերժ Սարգսյանի ինքնահերքումը ‘

1865

Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին: Այստեղ նա հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով եւ մի շարք ուշագրավ մտքեր է ասել: Ընդ որում, բնականաբար գրավոր: Անդրադառնանք դրանցից մեկին, եւ համադրենք այդ նույն թեմայով՝ Սերժ Սարգսյանի կողմից արդեն բանավոր հնչեցված հայտարարությունների հետ:

05.12.2014

Հատված գրավոր ելույթից.

«Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են: … Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը»:

2014 թվականի հունվար, Չեխիա, հատված Չեխիայում ՀՀ դեսպանատանը տեղի հայերի հետ կայացած զրույցից.

Արսեն, գործարար Բռնո— Ես ուզում եմ խոսել բիզնեսի մոնոպոլիզացիայի մասին: Օրինակ՝ ինչո՞ւ շաքարը երկրում մեկ մարդ է ներկրում:

Սերժ Սարգսյան-Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն:

Արսեն -Ես տրանսպորտի բիզնեսով եմ զբաղվում: Ասում են՝ իբր այդ բիզնեսը օգտավետ չի Հայաստանում: Եթե օգտավետ չի, տվեք ուրիշներին, օրինակ՝ ինձ, ես կլավացնեմ: Ես փորձ ունեմ, ես կարգուկանոն կստեղծեմ:

Սերժ Սարգսյան -Դու արի Հայաստան, դիր բիզնեսդ ու եթե դժվարություն ունենաս, դիմիր ինձ:

Ահա թե ինչպիսին են Հայաստանի տնտեսության վերաբերյալ Սերժի Սարգսյանի իրական պատկերացումները, իսկ մնացածը ՝ընդամենը գրավոր տեքստեր են, որոնք ասվում-խոսվում են:

Այնպես որ, առանց մեկնաբանությունների: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Vanilla Sky’
Հաջորդ հոդվածը‘Մամեդյարովը և Մինսկի միջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը’