‘Սոցիալական բունտի նոր ձեւաչափը’

1502

Երեկ Մալաթիա տոնավաճառի հարյուրավոր առեւտրականներ գործադուլ էին հայտարարել։ Վերջին տարիներին Հայաստանում բողոքի նման ակցիաներ հաճախ են իրականացվում, բայց երեկվանը բացառիկ էր։ Այն իմաստով, որ առաջին անգամ առեւտրականները բողոքում էին ոչ թե վարձավճարների բարձրացման դեմ, այլ պահանջում էին, որ գործող վարձավճարը նվազեցվի։

Սա սոցիալական ընդվզման միանգամայն նոր «ձեւաչափ» է։ Եթե առաջներում իշխանություններն ինչ-որ «նոր օրենք էին հանում», կամ որեւէ տոնավաճառի սեփականատեր ինքն էր որոշում բարձրացնել տեղի վարձը, մարդիկ նույն պահին բողոքի ակցիաներ էին իրականացնում ու կամ հասնում էին իրենց նպատակին, կամ չէին հասնում։ Այս անգամ տեղի է ունեցել բոլորովին այլ երեւույթ. մարդիկ ամիսներ շարունակ մի կերպ աշխատել են, ատամները սեղմած` վճարել տեղի վարձը, բայց ի վերջո դանակը ոսկորին է հասել, ու դիմել են գործադուլի։

 Հիմա փորձենք հասկանալ «հակամարտող կողմերի» փաստարկները։ Առեւտրականների պահանջը հասկանալի է եւ հիմնավորված։ Եթե վեց ամիս կամ մեկ տարի առաջ նրանք ի վիճակի էին ամսական 160 հազար դրամ «տեղի վարձ» վճարել, այսօր արդեն ի վիճակի չեն, որովհետեւ առեւտուր չկա։ Իսկ ինչո՞ւ չկա։ Նախ` որովհետեւ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանից մոտ 250 հազար մարդ է արտագաղթել, այսինքն` պոտենցիալ գնորդների թիվը մոտ 8 տոկոսով նվազել է։ Երկրորդ` որովհետեւ մարդկանց սոցիալական վիճակն է վատացել (անգամ պաշտոնական տվյալներով` աղքատության մակարդակը 23 տոկոսից հասել է 35-ի)։ Երրորդ` որովհետեւ ապրանքների ներկրման մաքսատուրքն է բարձրացել (ինչ ձեւակերպմամբ` էական չէ)։

Իսկ ի՞նչ հակափաստարկներ են բերում տոնավաճառի սեփականատերերը։ Ասում են, որ իրենք մեղավոր չեն, հարկայինն իրենցից այդքան գումար է պահանջում, դրա համար էլ չեն կարող նվազեցնել «տեղի վարձի» գումարը։ Ճիշտ է սա, թե ոչ` դժվար է ասել, բայց հարկայինն էլ հաստատ իր փաստարկները կունենա. կառավարությունը մի կողմից «գլխից դուրս» պլան է դնում, մյուս կողմից` արտոնյալ օլիգարխների դիրքերն ավելի են ամրապնդվում։ Եվ ստացվում է, որ հարկային մուտքերի պլանը հնարավոր է կատարել միայն խեղճուկրակ առեւտրականների ու փոքր բիզնեսի հաշվին։

Հիմա` «մարդկային գործոնի» մասին։ Երբ տոնավաճառի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը գոռգոռում է գործադուլավոր առեւտրականների վրա, թե «գնացեք աշխատեք, թե չէ սաղիդ կլարենք ստուց», նա, իհարկե, գլուխը պատովն է տալիս, որովհետեւ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ դատարկված տաղավարներն անմիջապես ուրիշները զբաղեցնեն։ Այսինքն` «սաղին լարելու» արդյունքում ամենաշատը կտուժի հենց տոնավաճառի սեփականատերը։ Մյուս կողմից` երբ առեւտրականները հայտարարում են, թե եթե հարցը չլուծվի` ստիպված կլինեն արտագաղթել, դա ոչ թե սպառնալիք է կամ շանտաժ, այլ ընդամենը իրականության արձանագրում։ Վերջին հաշվով, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկված մարդիկ տեսականորեն երեք ճանապարհ ունեն։ Առաջին` սուսուփուս տանը նստել ու սպասել, թե երբ են սովից մեռնում, երկրորդ` գնալ ու «սաղի գլուխը ջարդել», եւ երրորդ` հեռանալ երկրից։ Վերջին տարբերակը, համաձայնվեք, ամենաողջամիտն է։

Իսկ մեծ հաշվով` փաստորեն Հայաստանում սկսվել է այն պրոցեսը, որի անխուսափելիության մասին խոսում էինք տարիներ շարունակ։ Խոսքը սոցիալ-տնտեսական համակարգի շղթայական փլուզման մասին է, ընդ որում` պրոցեսը ոչ միայն անշրջելի է, այլեւ ընթանում է արագացող տեմպերով։ Տեսեք։ Մարդկանց վիճակն օրեցօր վատանում է, բնակչությունը նվազում է, արդյունքում` ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց բիզնեսները։ Նրանց մի մասն արտագաղթում է, բնակչության թիվն ավելի է նվազում, Հայաստանում մնացածների գործերն ավելի են վատանում, եւ այդպես շարունակ։ Մյուս կողմից` Հայաստանը ստիպված է ամեն տարի մեծացնել բյուջեն (թե չէ հարեւաններից շատ հետ կմնանք), իսկ դա նշանակում է, որ հարկերը պիտի անընդհատ բարձրանան։ Ընդ որում` քանի որ բնակչության թիվը նվազում է, հարկային բեռն ամբողջությամբ ընկնում է երկրում մնացածների ուսերին, եւ միջին քաղաքացու հարկային բեռը կրկնակի է բարձրանում։ Սա նույնպես շղթայական պրոցես է, որի վերջը չի երեւում։ Եվ առանձնապես նշանակություն չունի` կոնկրետ Մալաթիայի տոնավաճառի դեպքում հնարավոր կլինի՞ ինչ-որ ժամանակավոր լուծում գտնել, թե ոչ (ի վերջո առջեւում ընտրություններ են)։ Այսպես թե այնպես` պրոցեսը սկսվել է, եւ լուծումը չի երեւում։ Տեսականորեն նման լուծում կարող էր լինել, ասենք, իշխանական կլանների բիզնեսներն ամբողջովին հարկային դաշտ բերելը, բայց այս իշխանությունների օրոք դա գործնականում անհնար է։ Այնպես որ` լուծումը բոլորովին այլ դաշտում է։

Մարկ Նշանյան

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Ցանկանում եմ՝ մայիսի 5-ից հետո փոփոխությունների սկիզբ դրվի’
Հաջորդ հոդվածը‘Ելենա Նալբանդյան. Եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես’