‘Ստեփան Դեմիրճյան. Իշխանությունները ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար ‘

1250

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ:

Լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15 տարին։

Հոկտեմբերի 27-ը մեր պատմության սև էջերից է և ծանրագույն հարված հասցրեց  մեր պետականությանը։ Այդ ոճրագործության կործանարար հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն։ Իսկ «Միասնություն» դաշինքի «Կառուցենք և պաշտպանենք»  կարգախոսը առավել քան արդիական է նաև այսօր։

Համոզված եմ որ, մեր երկիրը բոլորովին այլ զարգացում կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Իշխանությունները ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար, իսկ դատավարությունը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները, չփարատեց կասկածները։ Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մեր երկրում բարգավաճում է քրեաօլիգարխիկ համակարգը, որը բացառում է երկրի զարգացումը,  դատապարտում է մարդկանց անհուսության և արտագաղթի։ Մարդկանց մի խումբ բռնազավթել է իշխանությունը, երկիրը դարձրել է իր սեփականությունը և ուզում է պարտադրել իր կամքը մի ամբողջ ժողովրդի։

Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի   դաշինքը հույսեր էր արթնացրել ժողովրդի մեջ, լավատեսություն և հավատ էր  առաջացրել երկրի ապագայի նկատմամբ։ Այդ հավատը վերականգնելու համար անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Չի կարող մեր պետությունը առաջընթաց ունենալ առանց վստահության ճգնաժամի հաղթահարման, իսկ դրա համար երկրում պետք է անցկացվեն ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ, ինչը տեղի չի ունեցել 1999 թվ. խորհրդարանական ընտրություններից հետո  առ այսօր։

Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է միավորեն իրենց ջանքերը այդ խնդիրը լուծելու համար։ Դա է օրվա հրամայականը։ Օրինական իշխանության հաստատմամբ նախադրյալներ կստեղծվեն երկրի բնականոն զարգացման համար։ Նոր իշխանության խնդիրը պետք է լինի նաև  հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ինչպես նաև պետության դեմ կատարված այլ հանցագործությունների լիարժեք բացահայտումը։

Նախորդ հոդվածը‘Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության 15-րդ տարելիցն է’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Մարգինալությունը «համակարգային փոփոխությունների» չի բերում’