‘ Վահագն Խաչատրյան. Իշխանությունն այս բյուջեով ասում է՝ ես այլեւս ոչինչ չեմ կարող անել, փոխեք ինձ’

1850

Կառավարության ներկայացրած 2015-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ iLur.am-ը զրուցել է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահագն Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, ի՞նչ խնդիր է դրել բյուջեի այս նախագիծը տնտեսական աճի առումով, եւ որքան են իրատեսական դրված խնդիրները:

Բյուջեով նախատեսված է 4,1 տոկոս տնտեսական աճ, եւ եթե փորձում ենք ճյուղային կտրվածքով հասկանալ, թե ինչի հաշվին է տեղի ունենալու աճը, այդպես էլ անհասկանալի է մնում:  Որովհետեւ ընդամենը բառերո արտահայտված ծրագիր է, որեւէ կոնկրետություն չկա, որից կարելի կլիներ եզրակացություն անել՝ ինչ է տալու այդ աճը Հայաստանի քաղաքացուն կամ բիզնեսին: Ընդամենն ընդհանուր ձեւակերպումներով ներկայացվում է, որ 4,1 տոկոս աճ է լինելու: Բայց ամենաանհանգստացող հանգամանքն այն է, որ այդ թիվն ընդունվել է՝ հիմք ընդունելով այս տարվա բյուջեի ծրագրային 3,3 տոկոս աճի կանխատեսումը: Բայց արդեն հասկանալի է, որ ե՛ւ ռուսական տնտեսության վիճակի հետ կապված, եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաների պայմաններում այդ թիվը ռեալ լինել չի կարող:  Դրա մասին խոսում են ե՛ւ Համաշխարհային բանկի, ե՛ւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, որ այս տարվա համար ռեալ աճը 2,5 տոկոսն է: Իսկ եթե այդպես եղավ, ապա ամբողջ պատկերը փոխվում է: Հաջորդ տարվա 4,1 տոկոս աճի ապահովումն այդ փոքրիկ բազայի վրա առանձնապես արդյունք չի տա:

Դուք նշեցիք Ռուսաստանի գործոնը: Մասնավորապես ռուբլու անկման ֆոնին վերջին շրջանում ՀՀ դրամը նույնպես զգալիորեն արժեզրկվեց: Նախ խնդրում եմ ներկայացնել, թե ինչպիսին են դրամի փոխարժեքի հետ կապված միտումները, եւ որքանով արժեզրկումը կարող է ազդել նախատեսված տնտեսական աճի վրա:  

Արդեն ՀԲ-ն, հաշվի առնելով ռուսաստանյան տնտեսության վիճակը, Հայաստանի համար նվազեցրել է աճի կանխատեսումը: Խնդիրը կայանում է հետեւյալում, որ մեր տնտեսության կախվածությունը ռուսական տնտեսությունից ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել: Չգիտես ինչու՝ դա մեր կառավարության կողմից չի գնահատվում, բայց կախվածությունը մեծ է նույնիսկ անզեն աչքով: Նախ, որովհետեւ ռուսական կապիտալով ընկերությունները մեծ թիվ են կազմում, հետո՝ Ռուսաստանից եկող մասնավոր տրանֆերտների ծավալը: Տրանսֆերտնետրի հետ կապված մի խնդիր կա. երբ որ փորձում ես իմանալ՝ ինչու՞ այս տարվա տնտեսական աճը սպասվածից պակաս կլինի, պատասխանում են՝ քանի որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները կրճատվել են 25 տոկոսով: Սա էլ կասկածելի թիվ է բայց դա այլ հարց է: Ռուսաստանից եկող տրանսֆերտները մոտավորապես բյուջեի կարգի գումար են կազմում. բանկային համակարգով գալիս է 1,8 միլիարդ դոլար, իսկ այլ ճանապարհներով, գրպաններում եւ այլն՝ գրեթե այդքան: Այսինքն, տրանսֆերտների ազդեցությունը մեր տնտեսության վրա ուղղակի է եւ էական: Այդ առումով, Ռուսաստանի տնտեսության իրավիճակը շատ ավելի մեծ ազդեցություն ունի: Հաշվի առնելով Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի վրա ազդեցությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի Ռուսաստան պակասում են, մեր կախվածության ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի: Մեծ հարցականի տակ է ընդհանրապես աճ ապահովելու հնարավորությունը: Այնպես, ինչպես հարցականի տակ է Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարը, որովհետեւ նրանք այժմ կանխատեսում են, 0,6 տոկոս, իսկ եթե նավթի գները շարունակեն նվազել, էդտեղ ուղղակի ռեցեսիոն վիճակն ավելի կխորանա եւ այդ վիճակից դուրս գալու հեռանկարները չեն երեւա:

Ինչու՞ եմ ես այսքան կենտրոնանում այս հարցի վրա, որովհետեւ, ի վերջո, մեր բյուջեի նախագծում այս բոլոր հանգամանքները լրջորեն ներկայացված չեն: Թեպետ՝ կան որոշակի կանխատեսումներ ռիսկերի վերաբերյալ, որոնցով կառավարությունը զգուշացնում է՝ այս-այս պայմանների դեպքում ես ընդհանրապես աճ չեմ կարող ապահովել: Բայց դա ընդամենը ռիսկերի կանխատեսման մեջ՝ ի գիտություն այն մարդկանց, ովքեր բյուջեն ավելի խորն են ուսումնասիրում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի ՀՆԱում զգալի տեղ է զբաղեցնում հանքարդյունաբերության ոլորտը: Եվ հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանքն արտահանվում է դեպի «ոչ Ռուսաստան», հանքարդյունաբերության վիճակն ինչիսի՞ն կարող է լինել կապված նաեւ միջազգային գների հետ:

Հանքարդյունաբերության հեռանկարները եւս որեւէ լավ բան չեն խոստանում: Տեղի է ունենում հիմնականում պղնձի հանքաքարի արդյունահանում, որի գինն այս տարվա ընթացքում անընդհատ իջնում է՝ արդեն 6600 դոլար է մեկ տոննայի դիմաց, ան դեքում, երբ անցյալ տարի հասնում էր 7000-7200 դոլարի: Այսինքն, միտումը շարունակվելու է, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում պրոբլեմները մեծանալու են: Այս հարցում մի կարեւոր ասպեկտ կա, որի մասին անպայման պետք է խոսվի. երբ որ նայում ենք արտաքին առեւտրի ցուցանիշները, տեսնում ենք, որ հանքանյութի արտահանումը քանակային առումով աճել է, իսկ գումարային առումով՝ նվազել: Այսինքն, մենք անխնա ձեւով շահագործում ենք մեր պղնձի ու մոլիբդենի հանքերը, հասել ենք արդեն կրիտիկական վիճակի՝ տարեկան արդյունահանելով 24-25 միլիոն տոննա, այն դեպքում, երբ խորհրդային տարիներին արդյունահանվում էր 8 միլիոն տոննա: Եվ այս ծավալների մեծացման հետ մեկտեղ ոչ մի էկոլոգիական նորմ չի պահպանվում: Սա ուղղակի արդեն աղետ է:  Սա լուրջ խնդիր է, որի մասին պետք է մտածել:

Մեկ այլ խնդիր. երբ բյուջեին գնահատական տալու առիթ է լինում, ես նրան անվանում եմ «ոչինչ չասող բյուջե»: Եթե փորձենք հասկանալ, թե այս բյուջեով Կառավարությունն ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ քաղաքականություն է իրականացնում, կա՞ արդյոք ռազմավարություն եւ ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին ի՞նչ խնդիր է լուծում այս բյուջեն: Պատասխանը՝ ոչինչ չկա: Ռազմավարությունը չի երեւում, եւ այդ բացակայության պայամաններում մարտավարական քայլերը դառնում են անիմաստ: Ավելին՝ երբ փորձում են ասել, որ ինչ-որ ռազմավարություն կա, ասենք, նախկին կառավարությունը (որի օրգանական շարունակությունն այս կառավարությունն է) ներկայացնում էր, թե արտահանմանը միտված քաղաքականություն պետք է վարել: Բայց որեւիցե փաստ չես կարող այս բյուջեում գտնել, որը կարդարացներ այդպիսի ռազմավարությունը: Վերցրեք թեկուզ դրամի փոխարժեքը: Հայտնի է, որ արտահանմանը միտված քաղաքականության մեջ ամենակարեւոր բաղադրիչներից մեկը ազգային արժույթի արժեզրկումն է:

Դե, փաստացի գնալով արժեզրկվում էդրամը: Գուցե դա Ձեր ասած տրամաբանությա՞մբ է արվում:

Դա ուրիշ է: Բյուջեի նախագծում դա արտացոլված չէ՝ նույն 409-411 դրամն է մեկ դոլարի դիմաց: Երբ որ դու տեսնում ես, որ ռուսական եւ համաշխարհային տնտեսության աճի միտումները նվազում են, դրա ազդեցությունները մեր վրա մեծանում են,  դա նշանակում է, որ մեզ մոտ արտարժույթի մուտքերը նվազելու են, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու վճարային հաշվեկշռում, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու արտաքին առեւտրի սպասարկման հետ, որովհետեւ արտահանում-ներմուծում հարաբերակցույունը 1-ը 3-ի է: Իսկ երբ դրա հետ զուգահեռ նայում ենք արտաքին պարտքի մեծությանը, հասկանում ենք, որ լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել: Իշխանությունը կարողացավ մեծ «հաջողությամբ» մսխել այն գումարները, որոնք պարտք է  վերցրել 2008-ից ի վեր: Հիշենք՝ այն ժամանակվա 1,5 միլիարդ պարտքը հիմա դարձել է 5 միլիարդ՝ ընդամենը գոյատեւելու համար վ երցված վարկեր: Այդ ամեն ինչը մսխվեց, դրանք որեւէ արդյունք չտվեցին, տնտեսությանը նպաստող գործոն չդարձան, այլ դարձան օրվա խնդիրներ լուծող միջոցներ: Նույն կերպ, օրվա խնդիր է լուծում այս բյուջեն, որի 46 տոլոսը կազմում են սոցիալական ծախսերը, այսինքն, այս բյուջեն ընդամենը աշխատավարձ, նպաստ, թոշակ վճարելու համար է: Իսկ զարգացում ապահովելու համար որեւէ ծախս չի նախատեսված, ընդամենը՝ 5 միլիարդ դրամ էներգետիկայի ոլորտի համար: Այս բյուջեն զարգացմանն ուղղված չէ, ինքը եղածը պահելու խնդիր է փորձելու լուծել, ինչն էլ հարցականի տակ է:

Դուք տնտեսական աճի վրա ազդող մի շարք գործոններ նշեցիք՝ արտաքին միջավայրի ազդեցություն, հումքի միջազգային գների անկում եւ այլն: Այսինքն, Հայաստանի տնտեսության ձախողումները օբյեկտիվ պատճառնե՞ր ունեն: Ավելի արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր չի՞ լինի նորմալ զարգացում ապահովել:

Իհարկե, եթե կառավարման արդյունավետ համակարգ լինի, եթե իրականում իշխանության վերաբերմունքը փոխվի, իրական զարգացում կլինի: Այս բյուջեի նախագծի մեջ Ձեր հարցի պատասխանը կա: Ներկայացնելով այս բյուջեն՝ իշխանությունն ասում է՝ ես այլեւս ոչինչ չեմ կարող անել, փոխեք ինձ: Որովհետեւ, տեսեք, ի՞նչ միջոցով է ուզում լրացուցիչ գումարներ հավաքել՝ հարկային փոփոխությունների՞: Դրանք հարվածելու են միայն փոքր ու միջին բիզնեսին, սովորական քաղաքացիներին: Այսինքն, տնտեսական աճի, զարգացման խնդիր դրված չէ, դրված է  վերարտադրություն ապահովելու խնդիր, ինչը այլեւս հնարավոր չէ: Կառավարությունը, իհարկե, չի ուզում գնալ, բայց մենք, որ մեր առջեւ այդպիսի խնդիր ենք դրել, պետք է օգտվենք այս հնարավորությունից: 

Նախորդ հոդվածը‘«Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘«Միսիս Աշխարհ» տիտղոսը շնորհվել է բելառուս հեռուստաաստղին’