‘Վահան Թումանյան. Կոալիցիոն ֆլիրտ’

18604

«Հասկացեք, այնպես չէ, որ բանակցություններ կան, ու Ղարաբաղը ներգրավված չէ: Ոչ, բանակցություններ չկան, քանի որ Ղարաբաղը չկա…», — ազդարարել է խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Իսկ Սերժ Սարգսյանը բացահայտել է, որ Ժնեւում Ադրբեջանի նախագահի հետ ունեցել է դեմառդեմ քննարկում, որի բովանդակությունից կես բառ անգամ ոչ մի տեղ չի ասել: 

Հիմա շարքային քաղաքացին ու՞մ հավատա: Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ նրա կոալիցիոն գործընկեր Արմեն Ռուստամյանին: Եթե Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Ժնեւում չեն բանակցել եւ չեն պայմանավորվել, որ քննարկումը պետք է մնա գաղտնի, ապա ինչո՞վ են զբաղված եղել առանց վկաների հանդիպմանը: Կատակնե՞ր են փոխանակել: Արմեն Ռուստամյանը չի նկատում, որ փորձելով հասարակությանը «հանգստացնել», խախտում է կոալիցիոն ֆլիրտի պայմանավորվածությունը, ծիծաղելի դրության մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Ռուստամյանի ասելով՝ Սերժ Սարգսյանը Ժնեւ է մեկնել, որպեսզի անցկացնի հանուն հանդիպման հանդիպում:

Իսկ բանակցություններ չի վարել, որովհետեւ «Ղարաբաղը չկա»: Երբ Ղարաբաղը «կլինի», այն ժամանակ էլ կլինեն բանակցություններ: Հետաքրքիր է՝ Ռուստամյանը հավատու՞մ է իր խոսքին, համոզվա՞ծ է, որ բանակցություններ չկան: Հազիվ թե: Նրան պարզապես պետք է եղել խուսափել ճակատային հարցադրմանը պատասխանելուց, ընտրել է այդ ձեւը: Կամ էլ, գուցե, կոալիցիայում որոշել են դերաբաշխում կատարել՝ դաշնակցականներին թողնելով հասարակությանը հնարավորինս զոմբիացնելու հոգսը: Մինչեւ նախագահների հաջորդ հանդիպումը, որին մեծ անհամբերությամբ, ինչպես ինքն է ասել, սպասում է Սերժ Սարգսյանը:

Արժե, որ հասարակությունն էլ անհամբեր սպասի, թե այդ ժամանակ ինչ է ասելու Արմեն Ռուստամյանը, ինչպես է բացատրելու Ղարաբաղի բացակայությունը: Եւ դեռ ինչքա՞ն է շարունակվելու այս կոալիցիոն ֆլիրտը: Իսկ գուցե դաշնակցությունը հայտարարի, որ ի՞նքն է ներկայացնում Ղարաբաղը: Եւ պահանջի, որ նախագահների հետագա հանդիպումներին ներկա լինի նաեւ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյա՞նը: Բայց՝ լուրջ, ինչքա՞ն կարելի է մտածել մի բան, բայց ասել բոլորովին ուրիշ բան:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ուսումնասիրվում է ուրանային գործարքը Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եվս երկու կուսակից՝ ընդդեմ Թրամփի’