‘Վահան Թումանյան. Հաշվետարության նախարարը’

15563

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաշվել է, որ վերջին օրերին Ադրբեջանը տվել է ութ ճշտված զոհ, չճշտվածների թիվն ավելի մեծ է, բայց քանի որ ապացույցներ չկան, թիվ չի հրապարակվում: Հայ զինվորի եւ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունն, այսպիսով, վերածվել է վիճակագրական հիմնարկի, որի ղեկավարը հասարակությանը միայն մի ասելիք ունի. եթե Ադրբեջանը սպանում է մեր մեկ զինվորի, մենք նրան կրկնակի կորուստներ ենք պատճառում:

Մեծ հաշվով՝ Վիգեն Սարգսյանն արտահայտում է ոչ թե իր, այլ իշխող նժդեհափանջունիական ռեժիմի տեսակետները, գործում նրա մտածողության եւ արժեհամակարգային ընկալումների տրամաբանությամբ: Ռեժիմն է այդպիսին, նա չի բարձրացել Ղարաբաղի պատերազմի դաշտային հրամանատարի մակարդակից: Մինչդեռ ժամանակները եւ մարտահրավերները փոխվել են: Այսօր հակառակորդին ավելի մեծ վնաս պատճառելու կոնցեպտով պատերազմը չի կանխվում: Ընդհակառակը, այն ավելի շոշափելի է դառնում: Չկա երաշխիք, որ Ադրբեջանի հաջորդ հարվածն իրականացվելու է ավելի ծանր զինատեսակով, ինչին հետեւելու է հայկական կողմի ադեկվատ կամ ասիմետրիկ պատասխանը, եւ այդպես լարվածությունը հասնելու է կրիտիկական աստիճանի, որից այն կողմ արդեն դիվանագիտությունը անելիք չի ունենալու:

Խնդիրն Ադրբեջանի հարվածներին պատասխանելը չպետք է լինի: Պետք է այնպես անել, որ Ադրբեջանը չհարվածի, չսպանի մեր զինվորներին: Դրա համար մեծ անելիքներ ունի նաեւ պաշտպանության նախարարը: Բայց հիմնական պատասխանատվությունը կրում է քաղաքական ղեկավարությունը, իշխող ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկեր Դաշնակցության հետ միասին: Խոսքը շփման գծում պատահարներն իսպառ վերացնելու մասին չէ, դա անհնար է: Խոսքն այն մասին է, որ քաղաքական ղեկավարությունը պետք է դիվանագիտական բոլոր հնարավորությունները գործի դնի, որպեսզի Ղարաբաղի հարցի շուրջ միջազգային վերաբերմունքը փոխվի:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում գրեթե բոլոր փորձագետները եւ վերլուծաբանները խոսում են Ղարաբաղում նոր պատերազմի անխուսափելիության մասին: Դա չափազանց վտանգավոր ազդակ է, որից կարելի է հասկանալ, որ Հայաստանը կորցրել է իրավիճակի կառավարման լծակները, ենթարկվել Ադրբեջանի շանտաժին եւ սպասում է, թե երբ է հակառակորդը դիմելու հերթական էսկալացիայի, որպեսզի հակադարձի եւ իրականացնի արդյունավետ պաշտպանություն` ինչպես ԶՈՒ ԳՇ պետն ասաց օրերս:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ռեժիմը խոսում էր պատերազմի դեպքում Ադրբեջանին շատ ցավոտ հարվածներից, հայտարարում, որ այդ դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այսօր բանակի հիմնական պատասխանատուները խոսում են միայն արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու եւ այն մասին, որ բախումների ժամանակ Ադրբեջանը կրկնակի թվով կորուստներ է ունենում:

Իշխող նժդեհափանջունիականությունը, փոխանակ հասարակության առաջնորդը դառնալու եւ լուծումներ առաջարկելու, իջել է կենցաղային մակարդակի: Այդ ռեժիմի պաշտպանության նախարարի խոսքն էլ, բնականաբար, չի տարբերվում շարքային մարդու ֆեյսբուքյան գրառումից: Ամեն ինչ հանգեցվել է Ադրբեջանին պատասխան հարված հասցնելու հանրային սպասումներին: Պետությունը դադարել է անվտանգության եւ բարեկեցության երաշխավոր լինելուց, նա ժողովրդին հետեւողականորեն մղում է հաշվետարական մտածողության. եթե Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ են, ուրեմն մեզ համար ամեն ինչ լավ է: Այդպես մեզ լքում է բանականությունը:

Նախորդ հոդվածը‘Դատախազներն ու քննիչները ՄԻԵԴ որոշումների համար պատասխանատվություն կկրեն — «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ստրկավաճառության վերբերյալ ԱՄՆ զեկույցը’