‘Վահան Վարդապետյան. Միայն Ազատության հրապարակից հասարակության միասնական պատասխանն է ի զորու ձախողել «հանրաքվե» գործողությունը’

1215

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը զավթած վարչախումբը, որը խախտել և ոտնահարել է բոլոր սահմանադրական նորմերը, բարոյական իրավունք չունի անգամ արտաբերելու Սահմանադրություն բառը: ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ վարչության անդամ Վահան Վարդապետյանը:

«Սահմանադրությունը բարեփոխելու մասին մտածելու համար հարկավոր է գոնե հետևել գործող Սահմանադրության նորմերին: Իշխանությունների կողմից հիմնական օրենքն անտեսելու արդյունքում այսօր Հայաստանում ամեն ինչ կեղծ է. սոցիոլոգիան, բնակչության մարդահամարի տվյալները, ընտրությունների արդյունքները: ՀԱԿ-ն ի սկզբանե հանդես է եկել հիմնական օրենքի բարեփոխման դեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող Սահմանադրության համաձայն՝ նույն մարդը հնարավորություն չունի երկու անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնի համար, այն բարեփոխելու փորձը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունը ցմահ զավթելու հայտ», — ընդգծել է ընդդիմադիր գործիչը:

Ընդ որում, նրա կարծիքով՝ յուրաքանչյուրի համար հասկանալի է, որ վարչախումբը ոչ մի պատասխանատվություն չի կրի հերթական «սահմանադրական» վերարտադրության համար: Հետևաբար, վարչակազմի դեմ պայքարում համախմբումից խուսափող բոլոր ուժերը, որոնք դառնում են «հանրաքվեի» մասնակից, աջակցում են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը: Եվ միայն հասարակության համախմբումը, միասնական պատասխանն Ազատության հրապարակից իրապես կձախողի այդ գործողությունը: Վարդապետյանի կարծիքով՝ այդ հարցը նույնիսկ պետք չէ քննարկել, այն հարկավոր է վերացնել սաղմնային վիճակում, և այդ ժամանակ այն, ի վերջո, ինքնըստինքյան կհանգեցնի արտահերթ ընտրությունների: «Մենք մեզ չենք կարող թույլ տալ նման շքեղություն` սպասել 2018 թվականի ընտրություններին, քանի որ իշխանությունը հղի է լուրջ վտանգներով` ընդհուպ Հայաստանի ազգային անվտանգությունը», — ընդգծել է նա:

«Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և հարկավոր է մտածել ինչ-որ բան, որը վարչախմբին թույլ տա դարձյալ պահել իշխանությունը: Ներկայիս զինակիցներին իր շուրջը պահելու համար Սարգսյանին անհրաժեշտ են ծանրակշիռ փաստարկներ, որոնք թույլ տան նրանց ապացուցել, որ հետագայում ևս Հայաստանում ամեն ինչ առաջվա նման ինքն է որոշելու: Սակայն ես չեմ բացառում, որ հանրապետականների շրջանում կգտնվեն ողջախոհ մարդիկ, ովքեր ընդունակ են հարել համաժողովրդական շարժմանը`  քանի դեռ ուշ չէ: Համենայնդեպս, նրանք այդ հնարավորությունը դեռ ունեն», — ամփոփել է Վարդապետյանը:  

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանին մտահոգում է օմբուդսմենի հոգեվիճակը’
Հաջորդ հոդվածը‘ Օմբուդսմենին անհասականալի է ակցիաների մասնակցելու համար քաղաքացիներին անհիմն ձերբակալող Ոստիկանության դիրքորոշումը’