‘Վարչապետի խոսնակը բացահայտ սուտ փաստարկներ է բերել. Մամուլ’

1913

Օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մասին «Հետք»-ի սկանդալային հրապարակումներից հետո վերջինս մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով հերքել էր տեղեկատվությունը: Խոսնակն ասել էր, թե Տ. Սարգսյանը չունի նման ունեցվածք: «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիպրոսի բանկի պաշտոնական էջի համաձայն` «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության 3 սեփականատերերից մեկն էլ Տ. Սարգսյանն է` գրանցված Երևանի Չարենցի 70 հասցեում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ կիպրոսյան բանկի կայքում վարչապետի գրանցման հասցեն ամենևին էլ սխալ գրված չէ: Երևանի Չարենցի 70 շենքը վարչապետի հայրական տան հասցեն է: Ավելին, ՀՀ ընտրողների ռեգիստրում Տիգրան Սուրենի Սարգսյանը` ծնված 1960թ. հունվարի 29-ին, հաշվառված է հենց Չարենցի 70, 114 բնակարան հասցեում: Իսկ Հայաստանում այս տվյալներով ընդամենը մեկ մարդ կա, և այդ մեկ մարդը վարչապետն է:

Փաստորեն, վարչապետի խոսնակը փորձում է հերքել Տ. Սարգսյանի մասին տեղեկությունները` բացահայտ սուտ փաստարկներ բերելով: Կամ էլ միգուցե Տ. Սարգսյանի մոտ անձի երկվություն է, և Չարենցի 70 հասցեում գրանցված 1960թ. հունվարի 29-ին ծնված Տիգրան Սարգսյանը հարկ եղած դեպքում ամենևին էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չէ:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Քոչար փողոցում մեծ թվով պաշտոնյաներ խախտում են օրենքը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ով է սպառնացել սպանված զինվորի հորը. Մամուլ’