‘Վե՛րջ ֆաշիստական ոստիկանությանը. «Ժառանգությունը» բողոքի ակցիա անցկացրեց դատախազության առջև (տեսանյութ)’

1590

Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջև «Ժառանգության» համակիրները բողոքի ակցիա անցկացրեցին՝ «Ո՛չ Սերժի ախրաննիկ երազող ոստիկանին», «Վե՛րջ ֆաշիստական ոստիկանությանը» պաստառներով: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում բռնություններ կիրառած ոստիկաններին: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Այդ օրը բռնության ենթարկված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել հարցաքննության: Այս պահին նա դատախազությունում է իր փաստաբանի հետ և նրա համար դեռ պարզ չէ՝ հրավիրվել է հարցաքննության որպես մեղադրյա՞լ, թե՞ տուժող: Ակցիային մասնակցել է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քիչ առաջ դատախազություն հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացրեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, նախօրեին ՀՀ ոստիկանապետի հետ ունեցած միջադեպի վերաբերյալ: Նրա պատմելով՝ ոստիկանները իրեն քաշքշել են և պատռել շորերը: Նա դժգոհեց նաև ոստիկանապետի վերաբերմունքից և նրան համեմատեց Նուբարաշենի կալանավայրի «զոն նայողի» հետ: 

Լրագրողների հետ զրույցում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ “Սա խոչընդոտում է “Բարև, Երևան” ցուցակի գործունենությունը: Դատապարտում ենք իր վրա կատարված զույգ բռնությունները, պահանջելու ենք, որ ցանկացած իրավախախտ պատասխանատվության ենթարկվի: Եկել ենք զորակցելու Արմեն Մարտիրոսյանին և պահանջելու ենք պատասխանատվության ենթարկվեն անվանական` բոլոր նրանք ովքեր հրաման տվեցին և կատարեցին բռնությունը”,- նշեց Հովհաննիսյանը։ Report.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով հարցին թե ինչու կոնկրետ այս հարցի շուրջ ոստիկանապետը դիրքորոշում չի հայտնել և չի հեռացրել ոստիկանին ծառայությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց դիմել այդ հարցով ոստիկանապետին, քանի որ ոչ միայն այս, այլև բազմաթիվ իրավախախտումներ դեռ համարժեք պատասխան չեն ստացել և իրավախախտները չեն պատժվել:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր սկանդալային արարքի համար. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վ.Օսկանյան. ԲՀԿ-ն ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանին պետք է իրեն ընդդիմադիր հռչակի’