‘Տիգրան Բալայան. Նալբանդյանի ելույթին Ադրբեջանի արձագանքը վերստին ցույց է տալիս փաստարկների լիակատար բացակայությունը’

1022

Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը վերստին ցույց է տալիս փաստարկների լիակատար բացակայությունը: «Թվիթերի» իր միկրոբլոգում այդ մասին գրել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ  Տիգրան Բալայանը:

ԱրմԻնֆոն հիշեցնում է, որ նոյեմբերի 26-ին Էդվարդ Նալբանդյանը, Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործըթնացին, նշել էր. «Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների»:

Ադրբեջանի արձագանքին սպասելու հարկ չեղավ: Նախօրեին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական տարածքների օկուպացումը, ապա  ռազմական միջտադեպեր չեն լինի: Հայաստանի վարչախումը, որն իր անհաջող ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով կորցրել է ազդեցությունը երկրի հասարակայնության վրա և աշխարհում ընկալվում է որպես անլուրջ և անհուսալի գործընկեր, ի դեմս Նալբանդյանի փորձում է արդարանալ` օգտագործելով սուտ ու զրպարտանք», — նշել է Հաջիևը: 

Նախորդ հոդվածը‘ Բրանդաոն մեկ ամսով կազատազրկվի Տիագո Մոտտային հարվածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորվել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենը’