‘ՏՄՊՊՀ նախագահը փորձում է «ճիշտ հանել» Սերժ Սարգսյանին ‘

971

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորից հաստատեց, որ շաքարավազի շուկայի մեծ մասը` մոտ 99 տոկոսը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն պնդեց, թե կան նաև փոքր ներկրող ընկերություններ:

Այսինքն, ըստ ՏՄՊՊՀ նախագահի տրամաբանության, այդ մեկ տոկոսը պետք է մի քիչ մեղմի այն փաստը, որ մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, մի քիչ էլ պիտի երևի մեղմի Սերժ Սարգսյանի արդեն թևավոր խոսք դարձած՝ Պրահայում արված հայտարարությունը՝ շաքարի ներմուծման մասին. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: 

Հիշեցնենք, սակայն, որ դեռևս անցած տարի նմանատիպ հարցի մասին խոսելիս, իսկ մասնավորապես վերոհիշյալ 1 տոկոս ներկրող ընկերությունների վերաբերյալ Շաբոյանը նշել էր. «Դե, կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ, նկատի ունեմ կան որոշ տնտեսվարողներ` «Կոկա-կոլա», «Գրանդ Քենդի», որոնք սեփական կարիքների համար ներմուծում են շաքարավազ»: 

Ինչ վերաբերում է շուկայում շաքարավազի մենաշնորհին, Շաբոյանը, բնականաբար, ասաց, թե դա օբյեկտիվ երևույթ է և գործոն, որովհետև «մոտ 90 հազար տոննայի շաքարավազի հումք է ներկրում այս ընկերությունը»: Շաբոյանը հավելեց, թե «եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն, և նա մասնաբաժին ունի, դա դեռևս խնդիր չէ ոչ մեր երկրում, ոչ ամբողջ աշխարհում, խնդիրը չարաշահումների մեջ է»:

Մնում է պարզել, թե ՏՄՊՊՀ «նվիրյալ պաշտոնյաները» ինչպես են պատրաստվում պայքարել այդ չարաշահումների դեմ, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը նորից չմիջամտի՝ իր մտքի նոր փայլատակումներով ու գոհարներով:

Նախորդ հոդվածը‘«Քարֆուրի» բացումը Երևանում հերթական անգամ հետաձգվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հղիության նպաստների հարցում կառավարությունը գնաց զիջումների’