‘Տուխել. «Ես երբեք չեմ բանակցել «Արսենալի» հետ»’

1340

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ երբեք «Արսենալի» ղեկավարության հետ չի քննարկել լոնդոնյան ակումբը գլխավորելու հարցը: Այդ մասին խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Արսեն Վենգերը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Արդյունքում Տուխելը գլխավորեց ՊՍԺ-ն, իսկ «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվեց Ունաի Էմերին:

«Եթե անկեղծ՝ ես որոշումս կայացրել էի դեռ նախքան Վենգերի՝ հեռանալու մասին հայտարարությունը: Ես երբեք «Արսենալի» հետ բանակցությունների մեջ չեմ մտել: Ես արդեն որոշել էի գլխավորել ՊՍԺ-ն, երբ Վենգերը հայտարարեց իր հեռանալու մասին: Չգիտեմ՝ արդյոք ինչ-որ մեկն ինձ համարե՞լ է նրա հետնորդը, թե ոչ: Ես անգամ չեմ մտածել այդ մասին, քանի որ նման տարբերակը չի դիտարկվել:

Կարծում եմ, որ Վենգերը կշարունակի մարզչական կարիերան: Իմ գործը չէ՝ նրան խորհուրդ տալը կամ նրա մասին խոսելը, բայց տարօրինակ կլինի, եթե նա դադարեցնի գործունեությունը: Նա հենց «Արսենալն» էր, Վենգերն իսկական ջենթլմեն է, աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն է: Ես զգացողություն ունեմ, որ նա դեռ շատ բանի է ունակ», — Տուխելի խոսքերն է մեջբերել Sports Mole-ն:

Նախորդ հոդվածը‘Չեխ. «Մտադիր եմ պայքարել «Արսենալում» հիմնական տեղի համար»’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. «Մեսսի, թե՞ Ռոնալդու. միշտ ընտրում եմ Մեսսիին»’