‘Րաֆֆի Հովհաննիսյան. Թող պարոն Լիսկայի փխրուն ոգին շատ չցավա, որ չկարողացավ ժամադրություն պահել ինձ հետ’

1275

Այսօր Նոր Հաճընում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով մի քանի ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ասաց, որ միշտ կողմ է ազատ խոսքին, անգամ եթե այդ ազատ խոսքով իրեն են կպել՝ մեկ-մեկ ճիշտ, մեկ-մեկ սխալ: Բայց ուզում են նաև հարվածել իր ընտանիքի պատվին. «Չեն հաջողացնելու: Եթե դուք կեղտախոս, իրավախախտ պարոն Լիսկայի մեղսակիցն եք դառնում՝ մի շարք կեղծ հայրենապաշտներին զուգահեռ իմ հորը հարվածելու համար, այն հորը, որ պաշտպանել է հայոց իրավունքը, Հայ Դատը, մեր երկրի ամբողջականությունը, եթե սա մնում ձեզ այս վերջնախաղում՝ դուք որոշեք: Եթե դուք էլ ընտրախախտ մարզպետների ճամփան եք ուզում բռնել, խնդրեմ, ես ձեզ կպաշտպանեմ: Ինչ ուզում եք ասեք, բայց ով կրկնեց կեղծիքը, ինքը նույն դատարանի առջև՝ հայ ժողովրդի ճշմարտության դատարանի առջև պիտի կանգնի»,- Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում aravot.am-ը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ այսօր լինելու է ամենախայտառակ և իրավախախտ մարզերից մեկում՝ Գեղարքունիքում. «Թող պարոն Լիսկայի փխրուն ոգին շատ չցավա, որ չկարողացավ ժամադրություն պահել ինձ հետ, գլուխ ջարդելու, մի քանի լեզվանի ուսուցիչ ուղարկեց՝ իր փողերի խաթր, թող տա: Բայց մենք մենակ չենք: Խեղճը չմտածի, որ մենակ իր մասին է խոսքը: Ամեն ինչ փոխվելու է վերից վար՝ Գեղարքունիքից սկսած: Գեղարքունիքի մարզպետը ով ասում էր՝ Րաֆֆին ո՞վ ա, որ ես իրան պատասխանեմ, ուզում է՝ թող ասի, բայց չհանդգնի նույնը ասել ժողովրդին: Որովհետև ժողովուրդն ասել է, թե ինքը ով է և ժողովուդն ով է: Եթե Սևանի քաղաքապետը, իր ոստիկանապետով հանդերձ, մտել է խանութներ, տոնավաճառ, տներ և սպառնացել է ՀՀ քաղաքացուն, որ ինքը պիտի դուրս չգա, չմասնակցի հավաքին, այդ մարզպետը, այդ ոստիկանապետը բոլոր նման մարդկանց հետ մեկտեղ թող հայրենասիրական իրենց ճառերն իրենց պահեն: Իրենք ճաղերի հետևում պիտի հայտնվեն՝ իրենց հակաժողովրդական պահվածքի համար: Պատրաստվե՛ք, մենք հիմա գալիս ենք Մարտունի և Սևան»: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես Տարոն Մարգարյանը հաղթեց ֆեյսբուքյան ընտրություններում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռազմական դրություն» նախագահական նստավայրի մոտ (լուսանկար)’