‘Օբաման Քլինթոնին համարում է ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն’

2095

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն այն մարդն է, ով պետության ղեկավարի դերին շատ ավելի հարմար է, քան պատմության ընթացքում եղել է որևէ մեկը, այդ թվում՝ ինքը նույնպես և նրա ամուսինը՝ Բիլ Քլինթոնը:

Նման հայտարարություն է երկրի ղեկավարն արել Դեմոկրատական կուսակցության համագումարում: Իր այդ դիրքորոշումը Օբաման բացատրել է նրանով, որ Հիլարի Քլինթոնը եղել է պետքարտուղար և արդեն մասնակցել է կարևորագույն որոշումների կայացմանը: Եվ հենց փորձն է, որ Հիլարի Քլինթոնին դարձնում է ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն պատմության ողջ ընթացքում:

Օբաման հավելել է, որ Քլինթոնը երբեք չի նահանջում և ջանում է յուրաքանչյուր ամերիկացու ավելի շատ հնարավորություններ տալ՝ կյանքում հաջողության հասնելու համար:

Իր ելույթում նախագահ Օբաման մի քանի անգամ անդրադարձել է նաև Քլինթոնի մրցակցին՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Նրա կարծիքը ԱՄՆ տնտեսության մասին Օբաման համարում է չափազանց հոռետեսական: «Ամերիկան արդեն իսկ հզոր և ուժեղ երկիր է»,- ասել է նա՝ ակնարկելով Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Վերադարձնենք Ամերիկայի հզորությունը»:  Նախագահը նաև հայտարարել է, որ Թրամփը խոշտանգումների և կրոնական անհանդուրժողականության կողմնակից է, նա դավաճանում է ամերիկյան արժեքներին:

Օբաման ընտրողներին կոչ է արել խուճապի չմատնվել և ապագային նայել լավատեսորեն, ինչպես դա անում է Հիլարին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. «Բոկո Հարամը» կես տարվա ընթացքում մահապարտ է դարձրել 50 երեխայի’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Լեւոն Բարսեղյանի ձերբակալության մասին’