‘Օպերայի և բալետի թատրոնը կրկին բացեց իր դռները’

1156

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն արդիականացված բեմ ունի: Ապրիլի 27-ին տեղի ունեցավ թատրոնի նորամուտի գալա-համերգը: Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հատվածներ այն բեմադրություններից, որոնք ընդգրկված են թատրոնի խաղացանկում: Ծրագրին մասնակցեցին թատրոնի նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը, մեներգիչներ: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհանիսյանն ուրախությամբ արձանագրեց, որ ավարտված են տեխնիկական վերազինման բոլոր աշխատանքները: Նրա խոսքով` բեմի մեխանիկական համակարգերում լիովին արդիականացվել են շարժիչները, փոխվել համակարգերը, ճոպանաճախարակային բոլոր հանգույցները` հաշվի առնելով թատերական գործունեության բոլոր պահանջները, ներմուծվել է նոր համակարգչային կառավարման համակարգ:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` այսուհետ ներկայացումների մեխանիկական բոլոր ծրագրերը կարող են պահպանվել հիշողությամբ: Ձայնահնչյունային և լուսային համակարգներն արդիականացվել են նոր սերնդի լուսարձակներով, ուժեղացուցիչներով, բարձրախոսներով, տարաբնույթ խոսափողներով` երաժշտական գործիքների, խոսքի և երաժշտության համապատասխան: Ձայնային ղեկավարումներն այսուհետ կիրականացվեն բազմաֆունկցիոնալ միքշերային վահանակով, այդ թվում` ձայնագրման հնարավորության ներկայացման կամ համերգի ընթացքում: «Սա այն բանն էր, որի մասին երկար տարիներ երզում և որին սպասում էինք»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց Հովհաննիսյանը: Թատրոնի բեմի շինարարական աշխատանքները վստահվել էին ավստրիա-գերմանական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերությանը:

Ֆինանսավորումն իրականացվել է վարկային ծրագրի շրջանակում: Վերջին անգամ թատրոնը վերանորոգվել էր 2001-2003 թթ-ին` «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, սակայն` ոչ ամբողջովին, այլ մասնակիորեն: Բեմի վերանորոգման ավարտից հետո, պայմանագրի համաձայն, ավստրիացի մասնագետները պետք է թատրոնի աշխատողներին ծանոթացնեն տեխնիկայի շահագործմանը: Օպերային թատրոնի նոր բեմը կունենա կառավարման ժամանակակից համակարգ, որը կիրառվում է աշխարհի բոլոր ժամանակակից թատրոններում: Ավստրիական կառավարության կողմից Հայաստանին տրամադրված վարկային ծրագրի շրջանակում շինարարության աշխատանքների համար ծախսվել է 8 միլիոն եվրո: Օպերայի վերազինումը ներառում է բեմական մեխանիզմի արդիականացում: Ամբողջ մեխանիզացիան ղեկավարվելու է նոր CAT V4 համակարգչային ղեկավարման համակարգով:

Հայաստանի ազգային բալետը հիմնադրվել է 1933 թվականին: Խումբը հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և Ասիայում: Թատրոնի 86 հոգուց բաղկացած կազմում ներգրավված են 18-41 տարեկան բալետի պարողներ:

Նախորդ հոդվածը‘Ե՞րբ պետք է «Տուրբոն» երեք անգամ կտտացնի Ահարոն Ադիբեկյանի գլխին’
Հաջորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Ցանկանում եմ՝ մայիսի 5-ից հետո փոփոխությունների սկիզբ դրվի’