‘Օրվա անցուդարձը. Ամփոփում’

991

«Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով այսօր հուղարկավորեցին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Հենց պանթեոնում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տղաներին հարազատներին հանձնեց  «Արիության» մեդալները: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել էին «Արիության» մեդալով:

Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի թռիչքի ամբողջ գործընթացը գրանցած սարքերը նոյեմբերի 22-ին հայկական զինուժի իրականացրած հատուկ գործողության ժամանակ դուրս են բերվել եւ այժմ ուղարկվել են փորձաքննության:
«Մենք փորձաքննության արդյունքները ներկայացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է Հովհաննիսյանը:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևել է հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման հատուկ գործողությանը: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում պետքարտուղարությունը դեպքի վայր ԵԱՀԿ դիտորդների մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, Ռատկեն հստակ չի պատասխանել` նշելով, որ Պետքարտուղարությունը, ինչպես և ԵԱՀԿ-ն հասկանում են, որ հնարավոր է դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ խոցված ուղղաթիռին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին ստորագրել էին դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագիր, որը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածության ձևավորում, այդ թվում  միավորված զորամիավորման ստեղծման օգնությամբ, որը կենթարկվի միավորված հրամանատարությանը: Վլադիմիր Պուտինը Ռաուլ Խաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին:
Այդ կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն  հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Միայցալ Նահանգները չեն ճանաչում Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև որևէ «պայմանագրի» օրինականությունը»:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը, ով նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագիրը, այն համարում է Վրաստանի ինքիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը` մեկնաբանելով երկաթուղու բացման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը,ասել է, որ դեպի Հայաստան երկաթուղու աբխազական հատվածի բացումը հարցականի տակ է, թեև Ռուսաստանը լուծել է ամենաբարդ խնդիրը` ստացել է աբխազական կողմի համաձայնությունը:
Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի տարածքով ընդհատվել է 1992-1993 թթ. հակամարտությունից հետո: Աբխազական հատվածի բացումը ռազմավարական առումով կարևոր է Հայաստանի համար, քանի որ ամենակարճ և ամենաէժան ճանապարհն է դեպի Ռուսաստան:
Եվսեևի խոսքով, եթե ավելի վաղ Սուխումը որպես նախապայման Երևանից պահանջում էր ճանաչել Աբխազիայի անկախությունը,  ապա այսօր այդ հարցը հանված է օրակարգից, քանզի Մոսկվան իր հերթին Սուխումին լուրջ զիջումների է գնացել: «Վերջնական լուծումն այժմ կախված է Թբիլիսիից, որի նկատմամբ, սակայն, ճնշում է գործադրում ԱՄՆ: Մոսկվան պատրաստ է ֆինանսավորել այդ հատվածի բացումը, եթե Թբիլիսիի հետ բոլոր տարաձայնությունները վերացվեն»,- նշել է Եվսեևը:
Նա չի բացառել, որ Ռուսաստանն այդ խնդիրը լուծելու և Վրաստանի համաձայնությունն ստանալու իր  ձգտման մեջ կարող է չեղյալ հայտարարել Թբիլիսիի նկատմամբ որոշ առևտրային սահմանափակումներ:

Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման էր ներկայացված ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաև այլ պատմական փաստաթղթեր։ Միջոցառմանը հայ և շվեդ հեղինակների կատարումներով հանդես է եկել հայ երաժիտների լարային քառյակը։

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում ձերբակալվել են մանկապիղծ հոգևորականներ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ստորագրել է հակաօֆշորային օրենքը’